Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է համապատասխանաբար 142 եւ 79 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել են համապատասխան լուծումներ եւ սպառիչ պատասխաններ: Ընթացքի մեջ է գտնվում 48 հարց: Այս մասին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, անդրադառնալով մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչների պահպանմանն ու այդ ուղղությամբ իրականացված հսկողությանը, զեկուցվել է, որ հայտնաբերվել եւ արձանագրվել է 16 դեպք: Իրավախախտումները բացառելու նպատակով հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու խստացնել հսկողությունը:
Զեկուցվել է, որ Երեւան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության՝ փետրվարի 14-ին հայտարարված մրցույթը չի կարող կայանալ՝ մրցույթին մասնակցության հայտեր չներկայացնելու պատճառով: Ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից սահմանված չվացուցակներով երթուղիների սպասարկման պայմանագրային պարտավորության ապահովման հարցին անդրադառնալով՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրականացվել է խիստ հսկողություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով պայմանագրերով սահմանված մեքենաքանակների ապահովմանը: Ըստ այդմ որոշ կազմակերպություններ ստացել են խիստ նախազգուշացումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունն ու պայմանագրային պարտավորությունները թերի կատարողների նկատմամբ ձեռնարկել օրենքով սահմանված խիստ քայլեր՝ ընդհուպ՝ պայմանագրի լուծում:




























