«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն  իր աշխատակիցներից պարտադիր  կուտակային կենսաթոշակի համար 5% պահումներ է կատարել, որպեսզի չտուգանվի: Այս մասին ՀԿԵ վարչական շենքի դիմաց փետրվարի 10-ին բողոքի ակցիա անցկացրած ՀԿԵ աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է ՀԿԵ ղեկավարությունը։

«Իրենք ասել են, որ մեր աշխատավարձերից պահած գումարները մեր ուպրավլենիում են, ինչ որ բանկի մոտ չեն: Եթե օրենքը չհաստատվի, իրենք մեզ գումարները կվերադարձնեն»,- ան NEWS.am-ին ասաց Մասիսի երկաթգծի աշխատող Կարեն Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ աշխատակիցները հանդիպման ժամանակ բարձրացրել են նաեւ իրենց աշխատանքային պայմանների բարելավման խնդիրը, բայց պատասխան չեն ստացել. «Ասեցին, որ մեր հարցերը պետք  բարձրացնենք մեր անմիջական պետերին, որ իրենք էլ ժողովների ժամանակ այդ հարցերը բարձրացնեն»:

ՀԿԵ աշխատակիցները խոստանում են, որ իրենց հաջորդ ակցիան ավելի բազմամարդ կլինի, սակայն արդեն ՍԴ-ի կամ Ազգային ժողովի մոտ:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 12:00-ից, Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող ՀԿԵ վարչական շենքի մոտ էին հավաքվել Հրազդանից, Սևանից, Մասիսից և այլ տեղերից մայրաքաղաք եկած ՀԿԵ աշխատակիցներ: Նրանք պահանջում էին վերադարձնել պարտադիր կուտակային կենսաթոշակի համար գանձված իրենց աշխատավարձերի 5 %-ը։

Նշենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: