Հայաստանի բնապահպանության նախարարության փետրվարի 3-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչական վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 250 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի հինգ որոշում եւ հաշվարկվել է 178.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես՝ Սյունիքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները՝ «Լեռ էքս» ՍՊԸ կողմից արտադրական կեղտաջրերով Գեղի գետի Օդաբարա վտակի աղտոտման ուսումնասիրության արդյունքում հաշվարկել են 178.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավել են հինգ հատ տիրազուրկ ձկնորսական ցանց եւ 7.8 կգ կենդանի խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սեւանա լիճ:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավվել է 15 կգ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Նարեկ» ծերանոց:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային եւ տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Լոռու տարածքային ստորաբաժանման կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Շիրակի ստորաբաժանման աշխատակիցները երկու տնտեսվարողի նկատմամբ կայացրել են 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային եւ տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի եւ Արարատի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացրել են 50.0հազարական դրամի վարչական տուգանքների որոշումներ:
Բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մուտք է եղել 950.0 հազար դրամ գումար:




























