Վրաստանի վարչապետը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Վրաստանի  ղեկավարության հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ: Ըստ Ղարիբաշվիլիի՝ ինքը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարել էր վրացական «Իմեդի» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

«Ես հաստատում եմ, որ պատրաստ եմ հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ», - նշել է Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ չի բացառում հանդիպումը Վրաստանի նախագահի հետ, եթե վերջինս նման ցանկություն հայտնի: «Եթե նա ցանկանա, ինչո՞ւ ոչ», — հայտարարել էր Պուտինը՝ ի պատասխան վրացի լրագրողի  հարցի, թե պատրաստվում է արդյոք ՌԴ նախագահը հանդիպել Վրաստանի նախագահի հետ:

Հաջորդ օրը դիվանագիտական մակարդակով հանդիպում անցկացնելու առաջարկով հանդես էր եկել Վրաստանի փոխվարչապետ Կախա Քալաձեն: Ըստ նրա՝ երկրները պետք է առաջին քայլն անեն հարաբերությունները կարգավորելու գործում, ընդ որում՝ ոչ միայն Մարգվելաշվիլիի մասնակցությամբ, այլեւ՝ վարչապետ Ղարիբաշվիլիի: Վրաստանի նախագահը քաղաքական գործիչների նախաձեռնությունը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել: 

Հիշեցնենք, որ Մոսկվայի եւ Թբիլիսիի դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 2008թ.՝ Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելուց հետո: