Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ փետրվարի 11-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իթթի Դիթբանյոնգը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Դիթբանյոնգն իր փորձն ու կարողությունները կներդնի Հայաստանի եւ Թաիլանդի միջեւ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի եւ Թաիլանդի միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ կա եւ այդ տեսանկյունից կարեւորել են երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տնտեսական կապերի ակտիվացումը, միջխորհրդարանական, ինչպես նաեւ միջազգային կառույցների շրջանակներում փոխշահավետ համագործակցությունը: Նախագահը եւ Թաիլանդի դեսպանը հայ-թաիլանդական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման եւ փորձի փոխանակման տեսանկյունից հեռանկարային են համարել հատկապես ոսկերչության, գյուղատնտեսության, մշակույթի, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներ:

Դեսպան Իթթի Դիթբանյոնգը վստահեցրել է, որ պաշտոնավարման տարիներին կանի ամեն հնարավորը միջպետական կապերն առավել սերտացնելու եւ երկու ժողովուրդների՝ դարերի պատմություն ունեցող բարեկամությունն ամրապնդելու համար: