Աշխարհը պետք է իմանա հայ ինժեներների եւ ծրագրավորողների բարձր ներուժի մասին: Այs մասին փետրվարի 11-ին Երեւանում հայտարարել է «Minno Tablets» ընկերության համասեփականատեր Վահան Շաքարյանը՝ մեկնաբանելով «Minno Tablets» ամերիկյան ապրանքանիշի պլանշետների արտադրությունը Չինաստանից Հայաստան տեղափոխելու մասին որոշումը: Նա հավելել է, որ պլանշետների դիզայնը Հայաստանում է կատարվում արդեն չորս տարի: 

«Իհարկե, Չինաստանում դրանք զգալի էժան  են արտադրվում՝ ավելի ցածր աշխատավարձերի հաշվին: Սակայն դրա փոխարեն մենք միջոցներ էինք ծախսում Չինաստան հայ ինժեներների գործուղումների վրա՝ որակը վերահսկելու նպատակով: Այնպես որ, ավելի լավ է մենք այդ փողերը ծախսենք մեր մասնագետների աշխատավարձերի վրա: Բացի դրանից, արտադրությունն իրականացվելու է  հենց նախագծման վայրում: Այդպես, բնականաբար, ավելի հեշտ է», - ասել է Շաքարյանը:

Նա նշել է, որ ավանդական շուկաներ՝ ԱՄՆ եւ Լատինական Ամերիկա, պլանշետները կմատակարարվեն նախկին «Minno» ապրանքանիշի անվան ներքո, իսկ ԽՍՀՄ նախկին եւ արաբական երկրներ՝ նոր «ArmTab» ապրանքանիշով: «Մենք դա անում ենք, որպեսզի աշխարհում  ավելի շատ իմանան հայ մասնագետների մասին: Հավատացեք, նրանք իսկապես արժանի են դրան», - ընդգծել է նա:

Շաքարյանը նշել է, որ հայ մասնագետները՝ թե ամերիկահայերը, թե Հայաստանում ծնվածները, չիպերի դիզայնի զգալի մասն են իրականացնում այնպիսի հայտնի ծրագրավորողների համար, ինչպիսիք են  «Mediatek»-ը, «Rockchip»-ը եւ «Qualcomm»-ը: Ընդ որում, այդ աշխատակիցների զգալի մասը երիտասարդներ են, որոնք սովորում եւ ապրում են Հայաստանում:

Հայաստանում «ArmTab» պլանշետների արտադրությունը համակարգելու է  «Technology and Science Dynamics» ընկերությունը: