Ազգային ժողովում ինտենսիվորեն տեղադրվող տեսախցիկները միանշանակ չեն ընդունվում պատգամավորների կողմից, ոմանք դա դիտարկում են անվտանգության նկատառումներից, ոմանք էլ՝ լրացուցիչ վերահսկողության: Ավելի զուսպ են արտահայտվում իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորները:

ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Համլետ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ տեղադրվող տեսախցիկներից եւ այժմ էլ քաղաքում չէ, երբ գա, տեսնի կարծիք կհայտնի: Նմանատիպ պատասխան ստացանք նաեւ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորից՝ Լեւոն Մարտիրոսյանից: Նա նշեց, որ առաջիկայում երբ գնա ԱԺ, ուշադրություն կդարձնի, թե դրանք որտեղ են տեղադրված եւ իր կարծիքը կհայտնի, մինչեւ հիմա չի նկատել: «Չգիտեմ ինչի համար են տեղադրում, միգուցե նորմալ է, չեմ նկատել տեսախցիկները, ինձ գոնե չեն կաշկանդել դրանք, ես անօրինական բանով չեմ պատրաստվում զբաղվել ԱԺ շենքում»,- ասաց նա: Դիտարկմանը, թե այժմ ստիպված եք լինելու ավելի զգույշ լինել, երիտասարդ պատգամավորն այսպես հակադարձեց՝  «ինչ ենք անում, որ զգույշ լինենք, առանց այդ էլ լրագրողները լավ վերահսկում են պատգամավորներին, , վերահսկողության տարբեր մեխանիզմներ կան, էլեկտրոնային համակարգ կա ներկայության, գրանցման, ակտիվության»:

Իսկ Առաքել Մովսիսյանը այս անգամ եւս  չդավաճանեց լրագրողների հետ շփման իր ոճին. «Կարծում եմ՝ լավ բան ա»,- ասավ նա՝ տեսախցիկների տեղադրման հարցին ի պատասխան: Դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ բողոքում են, նա կարճ, կոնկրետ, առանց ավելորդ քաղաքավարության ասաց՝ «վերջացրիր. ով բողոքում է, իրեն հարցրեք»  ու անմիջապես անջատեց հեռախոսը:

ԱԺ «Ժառանգության» պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որեւէ բան չունի թաքցնելու, հավանաբար ինչ-որ բանից վախենում են, դրա համար են տեսախցիկներ տեղադրում: «Ընդդիմադիրներին առանց այն էլ հեռախոսները լսում են, տեսագրում են, ձայնագրում են, ընդդիմադիրները նո՞ր են այդ ռեժիմով ապրում, չգիտեմ ինչի՞ համար է, հավանաբար իրենք իրենց շուքից վախենալով՝ տեղադրում են տեսախցիկներ: Ես ինչ արել եմ, բացահայտ եմ արել, այնպես որ այդ ամենը շատ քիչ է ինձ հետաքրքրում»,- ասաց նախկին արտգործնախարարը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւս մտահոգություն չունի տեսախցիկների տեղադրման մասով:  «Ծիծաղելի բաներ են, ի՞նչ է մենք գաղտնի գործունեություն ենք ծավալում: Կարծում եմ դա զուտ անվտանգության  նկատաոռւմներից ելնելով են տեղադրում, ուրիշ բան չկա, լուրջ մի վերաբերվեք: Ձայնագրման, տեսագրման սարքերը դրանք աչքի համար անտեսանելի են, շատ փոքր են եւ գաղտնի են տեղադրվում,  այդքան լուրջ մի վերաբերեք այդ անվտանգության սարքերին:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ երեկ արդեն տեսախցիկները «հասել» էին ԱԺ երկրորդ հարկ եւ խիստ ինտենսիվորեն տեղադրվում էին: Ըստ ամենայնի, միայն երկրորդ հարկում կլինի մոտ 20 տեսախցիկ՝ տեղեկացրին ցավով այդ գործընթացին հետեւող պատգամավորները, որոնք շվարած հարցնում էին.

«Հիմա քանի անգամ տուալետ մտնենք, այդքան պետք է նկարեն, իմանա՞ն. հո գաղութ չի՞, ԱԺ-ն էլ հո քրեակատարողական հիմնարկ չի՞, մենք էլ հո «ուզնիկ» չե՞նք, որ մեր ամեն քայլին հետեւեն. մետաղորսիչների տակով անցնում ենք՝ հերիք է, էստեղ ինչնե՞րս են ստուգում»: Ինչի՞ չեք հարցը ԱԺ նիստի ժամանակ բարձրացնում, այլ էսպես` միջացքներում, լրագրողների «դոշին» լաց եք լինում: «Ասենք, որ ի՞նչ անենք, ուշ է, խիարն արդեն թարս է աճել»: