26 տարի առաջ այս օրը` 1988 թ. փետրվարի 12-ին, Հադրութ ավանում Արցախի հերոսական ժողովուրդն ընդվզեց Ադրբեջանի խորհրդային գաղութատիրության դեմ ու բարձրացրեց Հայրենիքին վերամիավորվելու հարցը: Այդ մասին ասվում է «Նախախորհրդարանի»՝ արցախյան շարժման 26-ամյակի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ:
«Հաշված օրերի ընթացքում ազգային-ազատագրական պայքարի ալիքը ծավալվեց Արցախում, ամբողջ Հայաստանում եւ արտերկրի հայկական գաղթօջախներում` վերածվելով հուժկու համազգային շարժման:
Ավելի քան վեց տարի տեւած պայքարի ընթացքում մեր ժողովուրդը մեծ զրկանքների ու բազում զոհերի գնով պատմական Արցախի մի զգալի մասն ազատագրեց եւ փաստացի միացրեց Հայրենիքին:
Այդ ազատագրումն ընթանում էր աշխարհաքաղաքական կենտրոնների պայքարի համատեքստում, ինչի հետեւանքով փլուզվեց Խորհրդային Միությունը, իսկ այն կազմող հանրապետությունները, այդ թվում` Խորհրդային Հայաստանը, «դե յուրե» դարձան անկախ պետություններ:
Սակայն, եթե մեր ժողովուրդը քաջ գիտակցում էր Արցախի ազատագրության համար անհրաժեշտ զորահավաքի եւ զոհողությունների կարեւորությունը եւ վեհանձնորեն լուծեց խնդիրը, ապա «դե յուրե» եւ «դե ֆակտո» անկախության միջեւ գոյություն ունեցող ճանապարհի հաղթահարման խնդիրը ոչ միայն չձեւակերպվեց, այլեւ դարձավ այն փորձաքարը, որի վրա սայթաքեց Հայաստանի նորանկախ պետությունը եւ իր ժողովուրդը:
Վերջինս դեռ նոր պիտի ճաշակեր նորգաղութային եւ հետգաղութային գայթակղությունների ու ճնշումների այն ողջ տեսականին, որին ծանոթ էին ավելի վաղ գաղութային ճնշումներից ազատագրված Լատինական Ամերիկայի, Ասիայի եւ Աֆրիկայի երկրները եւ, որոնք այս մարտահրավերներին դիմագրավելու դրական եւ բացասական մարտավարությունների հարուստ փորձ էին հասցրել կուտակել:
Ըստ էության, Արցախի ազատագրման գաղափարով սկսված ազգային-ազատագրական շարժումն նոր է թեւակոխում պայքարի այդ փուլը:
Ազգի արժանապատիվ եւ մարտնչող մասը խաղաղության պայմաններում բավարար չափով զգոնություն եւ հասունություն չցուցաբերեց, եւ թույլ տվեց, որ իշխանությունը երկրում զավթվի ստրկամիտ ու խամաճիկային կոմպրադորային խավի կողմից, որը հանուն անձնական ու կլանային շահի երկիրը հասցրեց սնանկացման եզրագծին:
«Դե ֆակտո» անկախությունն այդպես էլ իրականություն չդարձավ` յուրային, այն է` ազգային շահերով առաջնորդվող վարչակազմի բացակայության պատճառով: Փոխարենը մենք գործ ունենք ապազգային եւ անմարդկային մի համակարգի հետ, որը օտար զավթիչի կրքոտությամբ ու նպատակասլացությամբ կեղեքում է երկիրն ու ժողովրդին` ստիպելով նրան զանգվածաբար արտագաղթել Հայրենիքից:
Յուրային ժողովրդի դեմ աշխատող հանցավոր այս համակարգի գործունեությունն այժմ արդեն հանգում է իր տրամաբանական ավարտին: Այլեւս ի վիճակի չլինելով պահել անկախ պետականության վերջին մնացորդները, նա հապշտապ կերպով նախաձեռնել է Հայաստանը Մաքսային, իսկ դրանից հետո` նաեւ Եվրասիական Միությանը միացնելու սին փորձերը:
Ռուսական կայսրությանը նորացված տեսքով վերականգվելու գործընթացը, անխուսափելի տրամաբանությամբ նորից հանգեցնելու է Արցախի հարցի նորովի սրմանը՝Հայաստանից նրա «դե ֆակտո» օտարման միակ լուծման հեռանկարով:
Նախախորհրդարանը, ի տես հայկական պետականության կորստի ռեալ վտանգի, այս հիշարժան ու տոնական օրվա կապակցությամբ ոգեկոչելով արցախյան պայքարը եւ հաղթանակը, իր վստահ համոզմունքն է արտահայտում, որ մեր տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական պայքարի նոր փուլում Արցախի հարցի հերթական սրումը ավարտվելու է ազգադավ վարչախմբի տապալմամբ եւ ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման նոր համակարգի ստեղծմամբ, որի միջոցով էլ հնարավոր կլինի ապահովել հայկական պետության ինքնիշխանությունը եւ Արցախի հարցի «դե յուրե» լուծումը՝ Հայաստանի հետ միավորումը:
Մենք ե՛նք տերը մեր երկրի...»




























