«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրել «Դեմ եմ պարտադիրին» գրությամբ թղթադրամներ: Այս մասին NEWS.am-ին ասաց նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը:
«Նախաձեռնության անդամներից մեկին այսօր մանր են տվել, որի վրա գրված է եղել «Դեմ եմ պարտադիրին»: Չգիտենք՝ կոնկրետ միտքը ումն է, բայց որոշեցինք բարձրաձայնել ու մարդկանց հորդորել թղթադրամների վրա նշել «Դեմ եմ» գրությունը»,- ասաց Տիգրանը:
Նրա խոսքով՝ թղթադրամները կենդանի թռուցիկներ են:
Հիշեցնենք , որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:




























