Խորհրդարանի նոր հաշվիչ հանձնաժողովը ձեւավորվել է առանց խորհրդարանական ոչ կոալիցիոն  չորս ուժերի պատգամավորների մասնակցության:  Այս մասին  NEWS.am-ին հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր,  խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:

Ըստ նրա՝ հաշվիչ հանձնաժողովում կա վեց մարդ՝ ՀՀԿ-ից Սուքիաս Ավետիսյանը, Մկրտիչ Մինասյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Տաճատ Վարդապետյանը, Արմեն Կարապետյանը եւ «Օրինաց երկրից» Իշխան Խաչատրյանը:

Ավետիսյանը նաեւ նշել է, որ ըստ օրենքի՝ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքին մասնակցելուց հրաժարված ոչ կոալիցիոն չորս խորհրդարանական ուժերի պատգամավորներին հնարավոր չէ փոխարինել ՀՀԿ-ի կամ ՝  «Օրինաց երկրի» պատգամավորներով:  «Ինչպես եւ բոլոր խորհրդարանական հանձնաժողովներում, եթե ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվում են մասնակցել  դրանց աշխատանքներին, այն շարունակում է գործել արդեն հաստատված կազմով: Ըստ խորհրդարանի կանոնակարգի՝ հաշվիչ հանձնաժողովը հաստատում է քվեարկության արդյունքները ձայների մեծամասնությամբ, իսկ վեց հոգին 11 անդամների պարագայում մեծամասնություն են»:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին խորհրդարանի հաշվիչ հանձնաժողով կազմելու կարգում փոփոխություն էր մտցվել, ըստ որի՝ հանձնաժողովի անդամների թիվը 7-ից  դարձել էր 11: Այդ փոփոխությամբ ՀՀԿ-ն հաշվիչ հանձնաժողովում ստացել էր հինգ տեղ,  իշխող կոալիցիան՝ մեծամասնությունը: Ավելի վաղ մյուս կուսակցությունները փորձել էին հանձնաժողովն իրենց ձեռքը վերցնել: