Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան դեմ է լրատվամիջոցներում հանցագործների ազգությունը նշելուն:

«Կարծում եմ, որ դա անելու անհրաժեշտությունը չկա», — ասել է գլխավոր դատախազը՝ Պետդումայի «խորհրդարանական ժամի» ընթացքում:

Միաժամանակ գլխավոր դատախազը խոստովանել է, որ Ռուսաստանում հանցագործությունների մեծամասնությունը կատարում են ներգաղթյալները: 

«Միայն անցյալ տարի 47 հազար հանցագործություն կատարել էին ներգաղթյալները: Պատճառները հիմնականում կենցաղային են: Հանցագործությունները վերաբերում են նաեւ  կոռումպացված իրավապահ մարմիններին եւ պաշտոնյաներին, այսինքն՝ խնդիրների մի ամբողջ փունջ», — ասել է Չայկան:

Հանցագործների ազգությունը լրատվամիջոցներում չհիշատակելու գաղափարը վաղուց է քննարկվում ռուսական իշխանություններում, սակայն օրենսդրորեն դեռ չի ամրագրվել:  

Այսպես, դեռ 2012թ. դեկտեմբերին նախաձեռնությունն աջակցել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ նրա՝ հանցագործն ազգություն չունի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

2014թ. հունվարին ՌԴ Սարատովի մարզի   պաշտոնյաները ՆԳՆ-ի աշխատակիցներին եւ լրատվամիջոցներին առաջարկել էին չնշել ազգությունը օպերատիվ արձանագրություններում եւ տպագիր նյութերում: Բացի դրանից առաջարկում են արգելել նաեւ հանցագործի կրոնական պատկանելությունը նշելը: