Ֆեթուլլահ Գյուլենի կրոնական շարժմանը պատկանող Zaman պարբերականի սյունակագիր Հուսեյն Գյուլերջեն հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Գյուլենի համայնքը կուսակցություն է ստեղծելու։

Հուսեյն Գյուլերջեն իր հրապարակման մեջ գրել է, թե իրենց շարժումը կուսակցություն երբեք չի դառնալու։ «Թող հանգիստ լինեն, Հիզմեթի (Գյուլենի) շարժումը կուսակցություն դառնալու նպատակ չունի։ Չենք քաշվում դրա մասին ասել վստահ ու բարձրաձայն»,-գրել է Zaman-ի սյունակագիրը։

Նշենք, որ թուրքական Star-ի սյունակագիր Ֆեհմի Քորուն իր հրապարակման մեջ նշել էր, թե Գյուլենի շարժումը մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններից հետո կամ օգոստոսի նախագահական ընտրություններից առաջ կուսակցություն է ստեղծելու։

Նշենք, որ Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:

Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների: