ՀԱԿ ակտիվիստ աղջիկներից մեկը հարբած է եղել, հայհոյել է ՀՀԿ երիտասարդներին: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով երեկ Սարյան փողոցում Հայ ազգային կոնգրեսի եւ Հանրապետական կուսակցության անդամների միջեւ տեղի ունեցած վիճաբանությանը:

«Ոչ մեկին իրավունք տրված չի անձնական վիրավորանք հասցնել, իսկ ՀԱԿ ակտիվիստները երեկ փողոցում բարձր խոսել են, հայհոյել: Զարմանալի կլիներ իրականում, եթե մեր երիտասարդները դրա կողքով անտարբեր անցնեին»,- ասաց Կարեն Ավագյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ երիտասարդները միջամտել են, բայց զուսպ են պահել իրենց. «Համացանցում տարածված տեսանյութն էլ է խոսում այն մասին, որ մեր երիտասարդներն իրենց զուսպ են պահել, իսկ ՀԱԿ ակտիվիստները՝ դիմել են սադրանքի»:

Նշենք, սակայն, որ ՀՀԿ-ական երիտասարդները սպառնում էին ՀԱԿ ակտիվիստների «չանեն ջարդել»:

Կարեն Ավագյանը նշեց, որ ՀԱԿ ակտիվիստների մեջ նաեւ աղջիկներ են եղել ալկոհոլի ազդեցության տակ. «Տեսանյութում էլ է պարզ երեւում, որ կոնկրետ մի աղջիկ հարբած է եղել ու հայհոյել է: Իսկ ինչ վերաբերվում է լրագրողի ձեռքից տեսախցիկ խլելուն՝ ասեմ, որ դա զրպարտություն է»:

Նշենք, որ վիճաբանության ընթացքում ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկվել 12 քաղաքացի, որից 7-ը ՀԱԿ:

«Մեր կուսակցությունից 5 անձ է բերման ենթարկվել, որոնք 3-4 ժամ պահվել են ոստիկանությունում, որից հետո ազատ արձակվի: Ամբողջ ընթացքում նրանց հետ կապի մեջ եմ եղել»,- նշեց ՀՀԿ Երիտթեւի ղեկավարը:

Նշենք, որ բերման ենթարկվածների մեջ են Հայկ Ղեւոնդյանը՝ Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը, Դանիել Հայրապետյան՝ ուսխորհրդի անդամ, Գեւորգ Սողոմոնյանը՝ ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ:

Բերման ենթարկված ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց լրիվ հակառակը. «Մեզ մոտեցան 10-15 մարդ, որոնց մեջ համոզված եմ՝ մենակ ՀՀԿ-ից չէին, եղել են քրեական հետախուզության անդամներ, քրեական տարրեր: Սկսեցին սադրել, մենք մտանք խանութներից մեկը, որպեսզի զերծ մնանք սադրանքից, որեւէ կոնտակտ չի եղել, ես անձամբ պարեկային ոստիկանության մեքենա եմ կանգնեցրել, սակայն նրանք հեռացան՝ չարձագանքելով իմ հաղորդմանը: Հետո մենք դուրս եկանք, սկսեցինք նորից թռուցիկներ բաժանել, մեզ միանգամից բռնեցին ու տարան»,- ասաց Արեգը:

Արեգը նշեց, որ ՀՀԿ-ից բերման ենթարկված միայն մեկին է տեսել. «Հենց մեկին են նստեցրել մեքենա, բայց չգիտեմ, տարան ոստիկանություն, թե ապահով ուղեկցեցին տուն»:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 12-ին ՀԱԿ ակտիվիստները Սարյան փողոցում ժամը 18:00-ի սահմաններում թռուցիկներ բաժանելիս վեճի էին բռնվել մի խումբ տղաների հետ, որից հետո բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: