Թուրքիայում 2013-ի դեկտմբերի 17-ի  անսպասելի «Մեծ կաշառք» գործողությունը լրիվ խառնել է իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության ծրագրերը կապված նախագահական ընտրությունների հետ։ Այս թեմային է անդրադարձել թուրքական Radikal-ի սյունակագիր Օմեր Շահինը։

Թուրք սյունակագիրը, ուսումնասիրելով իշխող կուսակցության նախկին եւ ներկա ռազմավարությունը եւ կուսակցությանը մեծ հարված հասցրած «Մեծ կաշառք» գործողության հետեւանքները, եկել է եզրակացության, որ Էրդողանի կուսակցությունը եթե մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններում չհաղթահարի 40 տոկոսը, Աբդուլլահ Գյուլը շարունակելու է մնալ նախագահ, իսկ Էրդողանը կմնա ակտիվ քաղաքականության մեջ։

Օմեր Շահինի կարծիքով՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը առաջիկա մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների հետ կապված խիստ անհանգստացած է։ «Եթե ընտրություններում հաղթահարվի 40 տոկոսը, ապա Թուրքիայում կիրականացվի ռուսական Պուտին-Մեդվեդեւ մոդելը (Աբդուլլահ Գյուլը կդառնա վարչապետ, իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նախագահ)։ Իսկ եթե քվեները լինեն 40 տոկոսից քիչ, լրիվ նոր ծրագիր է գալու օրակարգ»,-գրել է Radikal-ի սյունակագիրը՝ շեշտելով, որ 2013-ի Գեզիի դեպքերից հետո Էրդողանը հրաժարվեց երկիրը նախագահական կառավարման համակարգ տանելուց։