Անկախ ծավալներից, արտագաղթը պետք է լինի մտահոգիչ, բայց եթե որեւէ չինովնիկ համեմատական վերլուծություն է անում, կարծում եմ՝ դա «գլուխ գովելու համար» չէ, այլ փաստելու, որ արտագաղթի ծավալները նվազել են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին մարտահրավերներին վերաբերող քննարկման ժամանակ ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով՝ խնդիրը Հայաստանում աշխատատեղեր ստեղծելու մեջ է, ընդ որում, գիտատեխնիկական ոլորտում, քանի որ այլ ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիական առումով երկրի ֆինանսատնտեսական կարողությունները թույլ են:

«Բայց որեւէ ներդրող Հայաստանում երկարաժամկետ ներդրում չի կատարի, քանի որ քաղաքական, ռազմական ռիսկեր կան, կաշառակերությունը, տնտեսական ստանդարտների, տեխնիկական կարգերի ոչ եվրոպական վիճակը»,-ասել է Խարությունյանը:

 Նա համոզմունք է հայտնել, որ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունը Հայաստանի անվտանգությունն առնվազն մեկ աստիճան բարձրացնում է եւ մեր երկիրն ավելի նպաստավոր է դարձնում ներդրումների համար: Խոսրով Հարությունյանը կարծիք է հայտնել, որ նոտարական համակարգում, կադաստրում, սոցիալական ծառայությունների, ոստիկանության ոլորտներում կաշառակերության մակարդակը նվազել է, թեեւ հեռու է բավարար լինելուց:

Խոսրով Հարությունյանը նաեւ նշել է, որ հայերը վատի վրա «կայֆ են բռնում», մի քիչ լավին արդեն լավ չեն վերաբերվում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am