ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ), փետրվարի 12-ին, տեղի է ունեցել «Զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանությունը» խորագրով բաց քննարկում, որին մասնակցել եւ ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:
Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությանը, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ու Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտող սադրիչ գործողություններին: Դեսպան Նազարյանը նշել է, որ հայկական կողմին մեծապես մտահոգում են ուժի կիրառման հումանիտար հետեւանքները, եւ որ այդ անընդունելի գործելակերպի արդյունքում առավելապես ծանրանում է սահմանային գոտիներում քաղաքացիական բնակչության վիճակը:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ առիթ է ունեցել նախկինում ԱԽ-ում բարձրաձայնելու քաղաքացիական բնակչությանը դիպուկահարների կողմից հասցված վնասների խնդիրը` հավելելով, որ Հայաստանը հանդես է գալիս բռնության բոլոր դրսեւորումներին վերջ դնելու օգտին ու մեծապես հավատում, որ հակամարտությունների հիմնարար ու հարատեւ լուծման կարելի է հասնել միայն խաղաղ միջոցներով եւ միջազգային իրավունքի հիման վրա:



























