Երեւանի 47-ամյա բնակչուհի Էմիլիա Ա.-ն մեղադրվում է հարեւանուհուն՝ Եվգենիա Փ.-ին ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերի 25-ին: Առավոտյան ժամը 11-ի սահմաններում Էմիլիա Ա.-ն եւ Եվգենիա Փ.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճել են, որի ժամանակ Էմիլիան բռունցքներով հարվածել է հարեւանուհու գլխին, աջ ուսին եւ աջ աչքին՝ դիտավորությամբ պատճառելով թեթեւ մարմնական վնասվածք:
Էմիլիա Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով եւ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա փետրվարի 17-ին:




























