ԱՄՆ Միչիգան նահանգի բնակչուհին Facebook սոցիալական կայքում որդու համար էջ է ստեղծել, որպեսզի ընկերներ չունեցող տղան իր ծննդյան տարեդարձի համար շնորհավորանքներ ստանա:
UPI-ը տեղեկացնում է, որ 10-ամյա Քոլինը տառապում է Ասպերգերի սինդրոմով (հոգեբանական զարգացման խանգարում, որն ուղեկցվում է հոգեկան տարբեր ֆունկցիաների ձևավորման անհարթությամբ, յուրահատուկ հուզավարքային, խոսքային և երբեմն էլ ինտելեկտուալ խանգարումներով):
Երբ մայրը Քոլինին հարցրել է` արդյոք նա իր 11-ամյակի տարեդարձի համար խնջույք է ցանկանում, նա պատասխանել է, որ ինքը ոչ մի ընկեր չունի իր խնջույքին հրավիրելու համար:
Տեսնելով հուսահատված որդուն` մայրը որոշել է Happy Birthday Colin անունով Facebook սոցիալական կայքում էջ բացել, որտեղ մարդկանց խնդրել է շնորհավորել իր որդուն: Մոր կարծիքով՝ դա շատ ավելի լավ նվեր կլինի Քոլինի համար, քան ծննդյան խնջույքը:
Ընտանիքի անդամները պատրաստվում են միլիոնավոր շնորհավորանքներով լի էջը Քոլինին ցույց տալ հենց իր ծննդյան օրը` մարտի 9-ին:



























