Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում այս առիթով կազմակերպվել են տոնական տարբեր միջոցառումներ: Նորք-Մարաշ վարչական շրջանում Տեառնընդառաջի միջոցառումը որպես կանոն անցկացվում է Ս. Աստվածածին եկեղեցու բակում, ուր տոնական սեղանների շուրջ հավաքված բնակիչներին ներկայացվել է տոնի խորհուրդը, իսկ 168 նորապսակ զույգեր օրհնություն են ստացել հոգեւոր հովվից, նվերներ վարչական շրջանի ղեկավարից, այնուհետ նաեւ ցատկել են խորհրդանշական կրակի վրայով:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Տեառնընդառաջը նշվել է Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Երեւանի քաղաքապետի անունից շնորհավորանքի խոսքեր, հայկական ժողովրդական երգ ու պար, բարեմաղթանքներ՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի եւ վարչական շրջանի ղեկավարի կողմից: Քանի որ այս օրը նաեւ նորապսակների օրհնության օրն է, վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ նաեւ խորհրդանշական նվերներ են հանձնվել 70 նորապսակ զույգերի:



























