Լուսնային օրացույցով Նոր տարվա գալուստից  15 օր անց՝ ամանորյա երկշաբաթյա զբոսանքներից հետո, նշվում է Լապտերների տոնը: Համարվում է, որ այս տոնը նշել են դեռեւս Խան դինաստիայի օրոք (մ.թ.ա. 206 –ից մինչեւ մ. թ. 220 թ.):

Այս օրը չինացիները փողոցներում թղթից եւ եղեգից պատրաստված գունագեղ լապտերներ են կախում: Լապտերներին երջանկություն եւ բարեկեցություն խորհրդանշող պատկերներ, գրառումներ են արվում:

Բացի այդ, այս օրը չինացիները հանելուկներ են հորինում եւ հաճույքով փորձում լուծել ուրիշների հանելուկները: Այս ավանդույթի արմատները  գալիս են պատմության խորքից: Նախկինում կայսրն ինքն էր տարատեսակ հանելուկներ հորինում, իսկ ենթակաները պետք է գուշակեին դրանք:

Լապտերների տոնին չինացիները նաեւ հավաքվում են ընտանեկան սեղանների շուրջ եւ ավանդական ուտեստներ համտեսում: Մթնշաղին մարդիկ փողոց են ելնում՝ հիանալու լապտերների լույսով: Նրանք նաեւ տաճար են այցելում, որտեղ հոտավետ   փայտիկներ են վառում՝ ի հիշատակ հանգուցյալ հարազատների, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: