19-րդ դարի հազվագյուտ փոստային նամականիշը աճուրդի կհանվի Sotheby`s աճուրդի տանը, կազմակերպիչներն ակնկալում են դրա վաճառքից 20 մլն դոլար ստանալ, հայտնում են լրատվամիջոցները։
Նախքան հունիսի 17-ին կայանալիք աճուրդը, նամականիշը կցուցադրվի Լոնդենում եւ Հոնկոնգում։ Մեկ ցենտ անվանական արժեքով նամականիշը տպագրվել էր 1856թ.՝ բրիտանական Գվիանայի տպագրատներից մեկում՝ փոստային բաժանմունքի պատվերով։
Ծիրանագույն թղթին տպագրված դրոշմանիշի ինքնատիպությունն այն է, որ այսօր դրա նման այլ նամականիշների գոյության մասին հայտնի չէ։ Մասնագետներն այն նամականիշների «Մոնա Լիզա» են համարում՝ խոստովանելով, որ այսօր առավել հազվագյուտ նամականիշ գտնելը դժվար է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Իր գոյության ընթացքում այս նամականիշը երեք անգամ աճուրդներում գնային ռեկորդ է սահմանել, եւ Sotheby`s-ում կարծում են, որ այս աճուրդը նրա համար ոչ պակաս հաղթական կլինի։ Նրանք 10-20 մլն դոլար են ակնկալում ստանալ։ Այսօրվա դրությամբ նամականիշների գնային ռեկորդը 1855թ. տպագրված շվեդական նմուշին է պատկանում, որը 1996թ. աճուրդում վաճառվել էր 2,3 մլն դոլարով։

























