ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի կին եւ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի զարմուհի Էլեոնորա Ռուզվելտը դարձյալ պատմաբանների կողմից ճանաչվել է պետության լավագույն առաջին տիկին: Նման տվյալներ ներկայացնում է Սիենայի քոլեջի եւ կաբելային C-SPAN ալիքի համատեղ հարցումը, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:

Հարցումը, որը նվիրված էր ԱՄՆ-ի առաջին կանանց, առաջին անգամ անցկացվել է 1982թ.-ին, եւ Էլեոնորա Ռուզվելտն ամեն անգամ հաղթել է: Նա աջակցում էր ֆեմինիստական շարժմանը, մասնակցում էր Freedom House իրավապաշտպանական կազմակերպության ստեղծմանը եւ Մարդու համընդհանուր իրավունքների հռչչակագրի կազմմանը: Ռուզվելտը, ում ԱՄՆ-ի 33-րդ նախագահ Հարի Տրումենն անվանել է «աշխարհի առաջին տիկին», ակտիվորեն քաղաքականությամբ էր զբաղվում մինչեւ կյանքի վերջը:

Ինչպես եւ 2008թ.-ի վարկանիշում, երկրորդ տեղում է Էբիգեյլ Ադամսը, ԱՄՆ-ի երկրորդ նախագահ Ջոն Ադամսի կինը, իսկ երրորդ հորիզոնականում է Ժակլին Քենեդին՝ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու կինը:

Դոլի Մեդիսոնը՝ ԱՄՆ-ի 4-րդ նախագահ Ջեյմս Մեդիսոնի կինը, չորրորդ հորիզոնականում է, նրան է հաջորդում գործող նախագահի կին Միշել Օբաման: ԱՄՆ-ի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի կին Հիլարի Քլինթոնը 2008թ.-ին չորրորդ հորիզոնականում էր, այժմ վեցերորդում է:

ԱՄՆ-ի առաջին տիկնանց վարկանիշային աղյուսակը կազմվել է 242 պատմաբանների, քաղաքագետների եւ այլ գիտնականների հարցման արդյունքում, որն անցկացվել է 2013թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, հավելում է գործակալությունը: