Ինդոնեզիայում հայտնաբերել են անհայտ կորած ճապոնացի յոթ սուզորդներից չորսին:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին հայտնի էր դարձել ճապոնացի յոթ զբոսաշրջիկների մասին, որոնք անհետացել էին ինդոնեզական Բալի կղզու ափերի մոտ: Ոստիկանության տվյալներով՝ ճապոնացի կանայք մոտորանավակով ուղեւորվել են դեպի Լեմբոնգան փոքրի կղզի՝ սուզվելու նպատակով: Ավելի ուշ նրանց հետեւից փրկարարական նավակ ու ուղղաթիռ էր ուղարկվել: Սակայն երկար ժամանակ ոչ զբոսաշրջիկներին, ոչ էլ նրանց փոխադրամիջոցը չէր հաջողվում գտնել:
Փետրվարի 17-ին նրանցից չորսին հայտնաբերել են ինդոնեզացի ձկնորսները: Ճապոնական մամուլի տվյալներով՝ կանայք ողջ են, սակայն մանրամասներ չեն հաղորդվում: Այս մասին հաղորդում է «Ռոսիյսկայա Գազետան»՝ վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցները:
Ձկնորսների խոսքով՝ ճապոնուհիներին գտել են Նուսա Պենիդայից մոտ 300 մետր հեռավորության վրա: Մինչդեռ մյուս երեք ճապոնուհիների գտնվելու վայրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Նրանց որոնումները շարունակվում են: Ինչպես նշվում է, միջոցառումներին մասնակցում է մոտ հարյուր մարդ:


























