ԱՄՆ-ի Մայամիի ոստիկանությունը 51-ամյա նկարիչ Մաքսիմո Կարերոյին մեղադրում է  1 միլիոն դոլար արժողությամբ ծաղկամանը կոտրելու համար:

Հաղորդվում է, որ հայտնվելով Մայամիի Պերեսի անվան Արվեստների թանգարանի սրահներից մեկում` Կարերոն վերցրել է ցուցադրված 16  ծաղկամաններից մեկը եւ կոտրել այն: Ոստիկաններին նա բացատրել է, որ այդպիսով արտահայտել է իր դժգոհությունը. պատկերասրահում ցուցադրում են տեղի նկարիչների  բավական քիչ աշխատանքներ: 

Նկարիչն իր արարքն ավելի մանրամասն խոստացել է հիմնավորել փետրվարի 18-ի մամուլի ասուլիսում, հայտնում է rbc-ն` վկայակոչելով Reuters-ը:

Նշենք, որ կոտրված ծաղկամանը չինացի նկարիչ Աի Վեյվեյի «Հանուն ինչի՞» ցուցադրությունում էր ընդգրկված:  Ցուցադրությունը բաղկացած է Խանի դարաշրջանի 16 ծաղկամանից, որոնք 2 հազար տարեկան են, եւ որոնք Վեյվեյը զարդարել էր վառ գույներով:

Իր հերթին չինացի նկարչին էլ մեղադրել են արվեստի հնագույն ստեղծագործությունները այլանդակելու համար: