«Տոյոտա-Երեւան» ընկերությունը ճապոնական ավտոհսկա Toyota Motors ընկերությունից պաշտոնական որեւէ տեղեկատվություն չի ստացել մեքենաների հետ կանչման վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Տոյոտա-Երեւան» ընկերության մենեջեր Սերգո Էլբակյանը՝ մեկնաբանելով Toyota Motors ընկերության որոշումը՝ աշխարհի տարբեր երկրներից հետ կանչել Lexus եւ Land Cruiser Prado մակնիշի մոտ 34 հազար ամենագնացներ:
Ընկերության մենեջերը նշեց, որ ընկերությունն ազատ վաճառում է Land Cruiser Prado մակնիշի մեքենան, իսկ Lexus մակնիշի մեքենան, թեեւ ազատ վաճառքի դրված չէ, սակայն պատվերով մի քանի օրինակ ներկրվել է Հայաստան:
Անդրադառնալով մեքենայի անվտանգության հետ կապված խնդիրներին, որ պատճառ էին դարձել մեքենաների հետ կանչման համար, Սերգո Էլբակյանը հայտնեց, որ Toyota-ն տարբեր տարածաշրջանների համար տարբեր մոդելներ ունի, եւ անվտանգության խնդիրներն, ամենայն հավանականությամբ, վերաբերում են հենց այդ մոդելներին: Ի դեպ, Land Cruiser Prado մակնիշի ամենագնացի գինը Երեւանում տատանվում է 18 մլն 850 հազարից մինչեւ 29 մլն 900 հազար դրամի սահմաններում:
Հիշեցնենք, որ ճապոնական ավտոհսկան ԱՄՆ-ից, Կանադայից, Ռուսաստանից, Օմանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից հետ է կանչելու 34 հազար ամենագնացներ: Ինչպես հայտնել է AFP գործակալությունը, խոսքը գնում է Lexus GX 460 եւ Land Cruiser Prado-ի մի քանի մոդելների մասին:
Հետկանչի որոշումը կայացվել էր, երբ ամերիկյան Consumer Reports-ը Lexus GX 460 մոդելը վտանգավոր մեքենա էր որակել՝ խորհուրդ տալով չգնել այն: Toyota-ն նաեւ 16 մլն 400 հազար դոլար տուգանք է վճարելու՝ գազի ոտնակների թերությունների մասին ժամանակին չհայտնելու համար:




























