Ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները եւ կրակ է բացել ոչ միայն հայկական հենակետերի, այլ Վազաշեն¬-Պառավաքար ավտոմայրուղու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հակառակորդը հայ-¬ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի ուղղությամբ, կտրուկ ակտիվացել է ղարաբաղա¬-ադրբեջանական զորքերի շփման գծում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացրած վերջին դիտարկումից անմիջապես հետո:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, թե պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպեն նաեւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբի մեջ մտնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:



























