ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարությունը տվյալների բազայի ստեղծման մրցույթ է հայտարարել, որի օգնությամբ հնարավոր կլինի հետեւել երկրում բոլոր ավտոմեքենաների տեղաշարժերին:

Հաղորդվում է, որ ըստ մրցույթի փաստաթղթերի, տվյալների բազան տեղեկություն կպարունակի ԱՄՆ-ում գրանցված մեքենաների վերաբերյալ: Յուրաքանչյուր մեքենայի արձանագրություն  ներառելու է տրանսպորտային միջոցի լուսանկարը, դրա գրանցված համարը եւ այլ տեղեկություններ: Փողոցներում հաստատված  սարքերի միջոցով Միգրացիոն եւ մաքսային ծառայության  (ICE) գործակալները կկարողանան օպերատիվ պարզել ենթադրյալ օրինախախտի մեքենայի գտնվելու վայրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Washington Post-ը:

Նախարարությունը մտադիր է այդ համակարգը ներդնել ապօրինի ներգաղթյալներին հետեւելու համար: Գերատեսչությունում վստահեցնում են, որ «տվյալների բազան հասանելի կլինի միայն քրեական հետաքննությունների շրջանակներում կամ  հետախուզության մեջ գտնվող մարդկանց նկատմամբ»:

Սակայն իրավապաշտպանները ենթադրում են, որ տվյալների բազան կարող է օգտագործվել նաեւ օրենք չխախտած քաղաքացիներին հետեւելու համար: Ըստ նրանց՝ հավանականություն կա նաեւ, որ ICE-ն տվյալներ կտրամադրի նաեւ այլ ամերիկյան վարչությունների, որոնք տեղեկությունը կօգտագործեն իրենց նպատակների համար: