Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 19-ին ընդունել էՄիջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը, Մայք Գեյփսը, Հերիեթ Բոլդուինը, Լորդերի պալատի անդամներ Լորդ Ֆոլկները եւ Բարոնուհի Հուփերը։
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ՄԹ խորհրդարանականների ներդրումը հայ-բրիտանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները վստահեցրին, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ համագործակցության առավել սերտացման ուղղությամբ։
Հանդիպմանը քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերությունների՝ հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը: Այդ համատեքստում կարեւորվեց միջխորհրդարանական համագործակցությունը, որպես երկկողմ կապերը խթանելու արդյունավետ միջոց, եւ անդրադարձ կատարվեց խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը:
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը:



























