Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն անցել է ուղին, որով պետք է անցնեն Եվրոպայի՝ անկախության ձգտող ժողովուրդները: Այդ մասին հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ Եվրոպական Ազատ Դաշինքի գլխավոր վեհաժողովին, որը նվիրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքին եւ Շոտլանդիայում անկախության հանրաքվեին:

Իսպանիա կատարած այցի արդյունքների վերաբերյալ կայացած ասուլիսում Աշոտ Ղուլյանը հայտարարել է, թե ԵԱԴ ԳՎ-ում նշվել է, որ հետխորհրդային տարածքում Արցախի ժողովուրդն առաջինն է իրացրել անկախության հանրաքվեի անցկացման հաջող փորձը: «Սակայն մեր դեպքում հակամարտությունը դրանով չսպառվեց, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սադրեց»,- ասել է Ղուլյանը:

Նա նշել է, թե վեհաժողովի ընթացքում պատրաստակամություն է հայտնել փոխանցել Անկախության հանրաքվե կազմակերպելու եւ անցկացնելու փորձը՝ սկսած պատրաստման փուլից: