Կիեւի խռովությունների սկզբից մինչ օրս 28 մարդ զոհվել է, հաղորդվում է Ուկրաինայի առողջապայհության նախարարության կայքում:

Փետրվարի 18-ի ժ. 10:00-ից  փետրվարի 20-ի 06:00-ն Կիեւում բուժօգնության է դիմել բախումներից տուժած 445 մարդ, 287-ը հիվանդանոցում են: Նրանցից 88-ը իրավապահներ են, վեցը՝ լրագրողներ, չորս անչափահաս, երկու արտասահմանցի, ինչպես նաեւ «Բատկիվշչինայի» խմբակցության պատգամավորներից մեկը, որը պնդում է, թե իրեն ծեծել են:

Ուկրաինայում բողոքի ցույցերը չեն դադարում նախորդ տարվա նոյեմբերից: Անկարգությունների նոր ալիքը Կիեւում բռնկվել էր փետրվարի 18-ին:

Փետրվարի լույս 20-ի գիշերը ընդդիմության եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջեւ հաշտության պայմանավորվածություն է ձեռք բերվել: Իշխանությունները խոստացել են դադարեցնել Մայդանի գրոհը:

Միաժամանակ, ազգայնական-արմատական «Աջ սեկտոր» միավորումը հրաժարվել է հաշտությունն ընդունել՝ այն «կեղծիք» որակելով: