«Նաիրիտի» հոսքագծերի Չինաստանում վաճառելու ժամանակ 2005 թվականին Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, եղել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով խորհրդարանական ամբիոնից հնչած մեղադրանքներին, թե Կառավարությունը «Նաիրիտը» տարել է սնանկացման, եւ որ իր երկու եղբայները անմիջական առնչություն ունեն «Նաիրիտի» այս իրավիճակի հետ, եւ որ իր եղբայրներից մեկը գործարանի գույքը արտահանել է Չինաստան եւ որպես «ջարդոն» պիտի վաճառի, Տիգրան Սարգսյանն ասել է, որ խորհրդարանում այս հարցը բարձրացնողներն իրականում շահագրգռված չէին խնդրի մասնագիտական քննարկման մեջ, այն միտված էր քաղաքական շահարկումներով, ուստի բացարձակապես կապ չունեն իրականության հետ:
«Բերեմ մի քանի փաստեր, որոնք հնչեցին երեկ պատգամավորների ելույթներում եւ որոնք բացարձակապես կապ չունեն իրականության հետ: Առաջինը՝ Չինաստանի հետ կապված պայմանագրի մասով. Չինաստանի պայմանագրին Կառավարությունը հավանություն է տվել 2000 թվականին, բանակցությունները սկսել են 1999 թվականին, պայմանագիրը ստորագրվել է 2002 թվականին, իսկ հոսքագիծը տեղափոխվել է Չինաստան 2005 թվականին: Եվ ակնհայտ է, որ այդ մեղադրանքները, որոնք կապում էին իմ անձի հետ, իմ եղբայրների հետ, անհիմն են, շինծու են եւ սուտ»,- ասել է նա՝ հավելելով, թե դա արվում է իրեն վարկաբեկելու համար:
Վարչապետի խոսքով՝ այս փաստերը պարզելու համար հանձնաժողով ստեղծել պետք չէ, որովհետեւ Կառավարության բոլոր որոշումները տեղադրված են կայքում, եւ ցանկության դեպքում պատգամավորները կարող են այդ բոլոր որոշումների հետ ծանոթանալ:
«2005-ին Արմեն Սարգսյանը, ով այսօր մեր դեսպանն է Չինաստանում, ով պրոֆեսիոնալ դիվանագետ է, իր աշխատանքային գործունեությունն իրականացնում էր Միացյալ նահանգներում՝ որպես ռազմական կցորդ եւ Չինաստանում դեսպան է նշանակվել միայն 2008 թվականին: Սա փաստում է, որ չինական պայմանագիրը, հոսքագծերի արտահանումը որեւէ առնչություն չէր կարող ունենալ ոչ Տիգրան Սարգսյանի հետ, ոչ էլ նրա եղբայրների հետ»,- նշել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը հղում կատարեց ՀՀ նախագահի կողմից վավերացված 2006 թվականի կառավարության որոշմանը, որով Կառավարությունը նպատակահարմար գտավ «Նաիրիտի» բաժնետոմսերը հանձնել «Ռայնովիլ» ընկերությանը: «Եվ պարզ է, որ 2006 թվականին ես չէի կարող այդ որոշումը կայացնել, եւ բերել կապել իմ անվան հետ՝ հասկանալի է, որ քաղաքական շահարկման նպատակով է արվում, վարկաբեկելու: Փաստը մնում է փաստ, որ այդ մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց նա:


























