«Դուք պարոն Ծառուկյանին երբեւէ շփոթված տեսե՞լ եք»,-այսօր` ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը՝ մեկնաբանելով մամուլում տեղ գտած տեղեկությունը, ըստ որի՝ նախագահ Սերժ Սարգսյանի կոալիցիայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Գ. Ծառուկյանը շփոթված է դուրս եկել:
Այնուհետեւ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վաշինգթոնյան այցելությանը՝ նա նշել է. «Վաշինգտոնյան այցը գնահատում ենք դրական, այն առումով, որ Վաշինգտոնում նախագահը եւս մեկ անգամ, միջազգային հանրության առաջ հնչեցրեց Հայաստանի հիմնական դիրքորոշումները հայ-թուրքական և ղարաբաղյան հարցերում։ Այսօր ես կարող եմ փաստել, որ միջազգային ուժային բոլոր կենտրոնները միակարծիք են Հայաստանի քաղաքական դիրքորոշումների հարցում։ Այս տարիների ընթացքում որևիցե մեկը որևիցե քննադատական խոսք Հայաստանի քաղաքականության դիրքորոշման առումով չի հայտնել։ Իսկապես, այնքան տրամաբանական է, այնքան կառուցողական է Հայաստանի մոտեցումը` հարաբերություններ առանց նախապայմանի: Իսկ եթե հարցը տեղափոխում են նախապայմանների հարթություն, ապա դա աներկբա մերժելի է»:
Խ. Գալստյանն անդրադարձել է նաեւ Նոր Նորքում օրեր առաջ տեղի ունեցած «ռազբորկային», որի մասնակիցները եղել է ԲՀԿ կրծքանշաններով: Նա եւս մեկ անգամ հերքել է ԲՀԿ-ի մասնակցությունը տեղի ունեցածին ու ասել. «Կուսակցական որեւիցե հարթության մեջ մենք նման միջադեպը չենք քննարկում: Ինչ վերաբերում է անհատ կուսակցականներին, ապա դրանց կապակցությամբ եղել են պարզաբանումներ: Մամուլը շահարկում էր հետեւյալ հարցը, որ դա ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների արտահայտություն է: Կտրականապես հերքում եմ»:




























