Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը ապրիլի 23-ին կազմակերպել է Հայոց Մեծ Եղեռնին նվիրված միջոցառումների շարք, որը սկսվում է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի կենտրոնում, Դանուբի ափին տեղադրված, 2004 թ-ին Սլովակիայի Ազգային խորհրդի (ԱԽ) կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման պատվին կանգնեցված խաչքարին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԵՀՄ Ֆորումից, արարողությանը մասնակցելու են Ֆրանսիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լեհաստանի և մի շարք այլ երկրների դեսպաններ, Սլովակիայի ԱԽ-ի և կառավարության ներկայացուցիչներ ու այլ հյուրեր: Այնուհետև, Բրատիսլավայի Ֆրանտիշկանյան եկեղեցում կազմակերպվելու է էկումենիկ պատարագ, որը կմատուցվի Պրագայի հոգևոր հովիվ, վարդապետ Բարսեղ Պիլավչյանի, կաթոլիկ եկեղեցու վարդապետ հայր Միխայելի, ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ, թեոլոգիայի դոկտոր Յան Գռեշշոյի և առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Լյախոյի կողմից` նվիրված Հայոց ցեղասպանության 1.5մլն զոհերի հիշատակին:

Էկումենիկ պատարագի ավարտից հետո պարոն Գրիգորյանը կազմակերպել է ընդունելություն, որին կմասնակցեն բոլոր ներկաները: Միջոցառմանը մասնակցելու է նաև Վիեննայում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները` Ավստրիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ: