Երեկ` ապրիլի 21-ին ժամը 22.32-ին Արարատ-Եղեգնաձոր ավտոճանապարհի 32-րդ կմ-ում` Տիգրանաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի Փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Տեղում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Լեքսուս» մակնիշի 11 ՏՏ 222 պետհամարանիշի ամենագնաց մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Պատահարի հետեւանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել Եղեգնաձորի բնակիչներ` 1971 թ. ծնված Ա.Դոնուղյանը եւ 1972 թ. ծնված Ա. Ստեփանյանը:
Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են Արարատի հիվանդանոց, որտեղ Ա. Դոնուղյանը մահացել է:
Ավելի ուշ Ա. Ստեփանյանը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջինիս վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:
Փրկարարներն անջատել են ավտոմեքենայի էլեկտրական սնուցումը, փակել գազի բալոնի փականը: Դեպքի վայրում են գտնվել Արարատի եւ Եղեգնաձորի ոստիկանության բաժնի աշխատակիցները:



























