Թուրքիայի խորհրդարանում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել իշխող կուսակցության եւ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորների միջեւ:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` խորհրդարանի փոխնախագահ Սադըք Յաքութը ներկայացրել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության երկու առաջարկները եւ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջարկը` քննարկել ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:

«Ազգայնական շարժում» կուսակցության առաջարկի հետ կապված՝ հիշյալ կուսակցությունից պատգամավոր Էրդալ Սիհափին հայտարարել է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության գալուց ի վեր Թուրքիայում ահաբեկչական դեպքերը աճել են 10, իսկ դրանց արդյունքում զոհվածների թիվը աճել է 17 անգամ: Այս ելույթին առարկել է իշխող կուսակցության պատգամավոր Մեհմեդ Դանիշը, ում հետ վիճաբանության մեջ են մտել ազգայնական կուսակցության պատգամավորները: Վիճաբանության ընթացքում Մեհմեդ Դանիշի պարանոցն է սեղմել ազգայնական Օսման Դուրմուշը: Պատգամավորների՝ կողմերին բաժանելու ընթացքում Մեհմեդ Դենիշը մի քանի անգամ բռունցքներով հարվածներ է ստացել:

Այս ընթացքում նիստը նախագահողը արագ ընդմիջում է հայտարարել: