«Ուզում եմ դժգոհությունս հայտնել Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը կից գործող հաշմանադամության կարգերը ֆիքսող բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի հանդեպ, որովհետեւ այն միակ կառույցն է, որի հետ մենք մինչ այժմ դրական համագործակցության որեւէ դեպք չունենք»,- այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։
Տեղեկացնելով, որ հաշմանդամության կարգեր տրամադրելու հարցում այդ կառույցը խիստ կամայականորեն է գործում, Մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց, որ մի դեպքում, օրինակ, այդ կառույցի կողմից մեկ երիկամը հեռացրած մարդուն հաշմանդամության համապատասխան փաստաթուղթ տրվում է, մեկ այլ դեպքում՝ ոչ. «Հաճախ մեկ երիկամով մարդուն այնտեղ հայտնում են, որ նա կազդուրվել է, եւ նրա մեկ երիկամն իր վրա է վերցրել նաեւ երկրորդի ֆունկցիաները»,- կես կատակ-կես լուրջ նշեց Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ նման խնդիրներ վեր հանող իրենց ոչ մի բողոքին կառույցը պատասխան չի տվել։
Խոսելով իրենց պատրաստած տարեկան զեկույցների մասին՝ Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ 2009-ի տարեկան զեկույցը, նախկին երեքի հետ համեմատ, էական տարբերություններ չի գրանցել. «Մեր՝ թվով չորրորդ զեկույցում շատ կետեր կրկնվում են, նշանակում է՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները մնացել են չլուծված»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ իրենց կողմից պատրաստված տարեկան զեկույցներն արձագանք չեն գտնում անգամ Ազգային ժողովում ներկայացվելուց հետո։



























