ՀՀ հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ոստիկան Ա. Մադոյանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՔԾ-ից, հարուցվել է քրեական գործ Մադոյանի եւ եւ քիք-բոքսինգի Հայաստանի չեմպիոնուհի Ա.Մ-ի նկատմամբ` Հայաստանում որպես անհատ ձեռնարկատեր գրանցված և Երևանում բնակվող ԻԻՀ քաղաքացի Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարի գույքը հափշտակելու նպատակով, նախնական համաձայնությամբ, նրա նկատմամբ ավազակային հարձակում գործելու դեպքի առթիվ:
Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանն ու սպորտսմենուհին 2010թ. ապրիլի 18-ին` ժամը 1.30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի 23 շենքի 3-րդ հարկի աստիճանահարթակում մոտեցել են Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարին ու նրա աշխատակցուհի Ծ.Ա-ին: Ա.Մադոյանը, ներկայանալով իբրև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից, իր ծառայողական «Մակարով» տեսակի ատրճանակն ուղղել է Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարի գլխին և հայտնել, թե նրան կասկածում է թմրամիջոցների առևտրի մեջ` կարգադրելով ներս մտնել բնակարան: Հանդիպելով վերջինիս դիմադրությանը` Ա. Մադոյանը Ա. Մ-ի հետ Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով հարձակում են գործել վերջինիս վրա, որի ընթացքում Ա. Մադոյանը բռունցքով հարվածներ է հասցրել նրա դեմքին, իսկ Ա. Մ-ն իր ձեռքին եղած մետաղյա խողովակով` նրա մարմնի տարբեր մասերին: Այնուհետև Արթուր Մադոյանը և Ա.Մ-ն ստուգել են ավազակային հարձակման հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած տուժողի հագուստների գրպանները, սակայն գումար չեն հայտնաբերել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Մ-ին և Ա.Մադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, եւ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:



























