Աջափնյակի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել տաքսու վարորդ Գ. Սարուխանյանին սպանելու համար Մանուկ Սահակյանին եւ Վարդան Վարդանյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է գլխավոր դատախազությունից, պարզվել է, որ 2009թ. մարտի 29-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Մանուկ Սահակյանը եւ Վարդան Վարդանյանը կանգնեցրել են Գարիկ Սարուխանյանին պատկանող ՎԱԶ- 21010 մակնիշի տաքսու տարբերանշանով ավտոմեքենան եւ պատվիրել, որ վարորդն ավտոմեքենան վարի դեպի Մարգարյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկ:
Հենց այդտեղ էլ ավտոմեքենան ավազակությամբ հափշտակելու նպատակով նրանք հարձակվել են Գ. Սարուխանյանի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ եւ առանձին դաժանությամբ դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել:
Այնուհետեւ Գ. Սարուխանյանի մարմինը տեղափոխել են Սիլիկյան թաղամասի մոտ` Սպանդարյան արտադրական հանգույցին հարակից ամայի մի տարածք, եւ այդ պահին դեռեւս կենդանի Գ. Սարուխանյանի մարմինը քարշ տալով իջեցրել փոսի մեջ ու այն ծածկել խճաքարերով: Հափշտակելով Գ. Սարուխանյանի մոտ եղած 300 ԱՄՆ դոլար գումարը, 28 000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, 40 000 դրամ արժողությամբ ֆոտոխցիկը եւ ավտոմեքենան` Մ. Սահակյանն ու Վ. Վարդանյանը հեռացել են, իսկ Գ. Սարուխանյանը, ստացած մարմնական վնասվածքներից եւ անօգնական վիճակում մնալով խճաքարերի տակ, մահացել է:
Դատավճռով Մանուկ Սահակյանը եւ Վարդան Վարդանյանը հանցավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատարանը Մանուկ Սահակյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Վարդան Վարդանյանին` 15 տարի ազատազրկման:
Մեղադրող դատախազները ներկայացրել են վերաքննիչ բողոք` միջնորդելով մասնակի բեկանել դատավճիռը եւ Վարդան Վարդանյանին եւս դատապարտել ցմահ ազատազրկման:



























