Այսօր` ապրիլի 22–ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը քաղաքական կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ազգային-քաղաքական գործիչների, նախկին քաղբանտարկյալների, մտավորականների և երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել էր «Արցախյան ճակատում „ստատուս-քվոյի“ հրամայականը» թեմայով հավաք-քննարկում։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբից, միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես է եկել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Հավաքի ընթացքում ելույթ են ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը, նախկին քաղբանտարկյալներ Կարապետ Ռուբինյանը և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, Հայաստանի կանաչների սոցիալ-էկոլոգիական կուսակցության նախագահ Արմեն Դովլաթյանը եւ այլոք, որոնք շեշտել ու հիմնավորել են, որ ՀՀ-ի ու համայն հայության համար կենսական նշանակություն ունեցող ազատագրված տարածքներում հայկական զինուժի ներկայության անհրաժեշտությունը, իշխանությունների պարտվողական քաղաքականության արդյունքում հայրենի հողը կորցնելու վտանգի աստիճանը, հայրենիքի մի մասը բանակցություններում սակարկման առարկա դարձնելու, Ադրբեջանին հանձնելու և տարածաշրջանում որոշ գերտերությունների ճնշումներին ենթարկվելու Սերժ Սարգսյանի դավաճանական պահվածքը։

Քննարկման մասնակիցները մեկ անգամ ևս փաստել են իրենց վճռական կեցվածքը արցախյան ճակատում առկա «ստատուս–քվոյի» պահպանության և հազարավոր հայ մարտիկների արյան գնով ազատագրված հայրենիքի պաշտպանության գործում։

Հավաքը տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ընտանիքի սեփականություն հանդիսացող տարածքում և քննարկմանը ներկա էր նաև տիկին Փոստանջյանը։