Այսօր` ապրիլի 22-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյիդ Ալի Սաղայանիին:
Դեսպանը նախարարին փոխանցեց ԻԻՀ-ի գիտության եւ տեխնոլոգիաների նախարարի` Իրան այցելելու հրավերը: Ա. Աշոտյանը նշեց, որ հայկական պատվիրակության կազմում, բացի նախարարության աշխատակիցներից, կլինեն նաեւ ՀՀ երկու խոշոր բուհերի ռեկտորներ, ինչը կխթանի նաեւ երկու երկրների միջեւ միջբուհական համագործակցությունը:
Նա անդրադարձավ նաեւ նախատեսվող այցի ընթացքում արծարծվելիք բուհերի դիպլոմների փոխադարձ ճանաչման խնդիրներին` նշելով, որ դեսպանի հնչեցրած երկուստեք մտահոգությունից հետո մի շարք քայլեր են արվել այդ ուղղությամբ, մասնավորապես՝ խստացվել են կրթության որակի նկատմամբ վերահսկողության մեխանիզմները:
Անդրադառնալով հայկական դպրոցների խնդրին` դեսպանը նշեց, որ միայն Թեհրանում գործում է 24 հայկական դպրոց. նմանատիպ ուսումնական հաստատություններ գործում են եւաեւ Թավրիզում, Ուրմիայում, Սպահանում: Սեյիդ Ալի Սաղայանին ընդգծեց, որ Իրանի կառավարությունն իրավամբ մեծ ուշադրություն է դարձնում բարձրագույն կրթության ոլորտին. պատահական չէ, որ այսօր Իրանում սովորում է շուրջ 3 մլն ուսանող: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ-ից:
Նշենք, որ Իրանը վերջին շրջանում դժգոհություն էր հայտնել Հայաստանի բուհերում իրանցի ուսանողների կրթության որակի առնչությամբ եւ չէր ճանաչել մի շարք բուհերի դիպլոմները:



























