Խաղաղության, բարեկեցության ու կայունության հեռանկարները ավելի մեծ ու շատ կլինեն, եթե աշխարհում ավելի շատ հնարավորություններ լինեն կանանց համար: Այս մասին մարտի 8-ին նվիրված իր ուղերձում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Ուղերձում մասնավորապես, ասվում է.
«Կանանց միջազգային օրը սոսկ օրացույցում նշված օր չէ: Այն սոսկ մի օր չէ, երբ մենք վերահաստատում ենք աշխարհն առավել խաղաղ ու բարեկեցիկ դարձնելու մեր հաստատակամությունը:
Որպես պետքարտուղար ես այս խոսքերի արդիականությունը զգում եմ ամեն օր: Նույնիսկ երբ Հալեպում շարունակվում են ռմբակոծությունները Ասադի ռեժիմի կողմից՝ ի ցույց դնելով այդ բիրտ վարչակարգի իրական գույները, սիրիացի կանայք եւս իրենց իրական գույներով են ներկայանում աշխարհին: Այս ուշագրավ կանանց լսելու պատիվ մենք ունեցանք ընդամենը մեկ ամիս առաջ՝ Մոնտրոյում:
Նրանց պատմությունները խիզախումի պատմություններ էին, անթիվ սիրիացի կանանց խիզախումների պատմություններ: Իդլիբից մի կին աշխատում էր Ազատ սիրիական բանակի հետ, որպեսզի իր գյուղի բնակիչները կարողանային մնալ իրենց տներում եւ մշակել իրենց հողերը: Մեկ այլ կին Հալեպից կարողացավ հասնել այն բանին, որ վերացվեց մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու արգելքը՝ անցակետերում վարչակարգին ծառայող զինվորներին սնունդ առաջարկելու ճանապարհով: Եթե սա կրակի ճիրաններում գործած արիություն չէ, ապա ես չգիտեմ՝ ուրիշ ինչ անուն տալ սրան:
Եվ միայն Սիրիայում չէ, որ կանայք մեզ հակամարտության լուծման հույս են ներշնչում: Բարեկեցության, կայունության ու խաղաղության մեր ընդհանուր նպատակի համար կանայք կենսական դերակատարում ունեն: Դա իրավացի է ոչ միայն մեր պայքարներին վերջ տալու, այլ նաեւ մեր տնտեսություններին նոր թափ հաղորդելու հարցում: Փաստն այն է, որ պատերազմների ժամանակ ամենամեծ բեռը կանանց ուսերին է, մինչդեռ խաղաղության բանակցությունների ժամանակ նրանց ձայնը հազվադեպ են լսում:
Սա պետք է փոխվի:
Այն երկրները, որտեղ կանանց դերը կարեւորում են եւ կանայք մասնակից են որոշումների ընդունման գործընթացին, ավելի կայուն են, ավելի բարեկեցիկ ու ավելի անվտանգ: Ճշմարտացի է նաեւ հակառակը: Երբ կանանց դուրս են թողնում բանակցություններից, ապա հաջորդած խաղաղությունն ավելի փխրուն է, վստահությունն է խաթարված եւ հաճախ անտեսվում են մարդու իրավունքներն ու հաշվետվողականությունը:
Չափից շատ են այն երկրները, որտեղ դաշնագրերը մշակվում են մարտիկների կողմից մարտիկների համար: Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ խաղաղության համաձայնագրերի կեսից ավելին ստորագրմանն հաջորդած առաջին տասը տարիների ընթացքում անհաջողության են մատնվում: Այս միտումը կարող է փոխվել, եթե խաղաղության ձեւավորման ու հակամարտությունների կանխարգելման գործում ներառվեն կանայք:
Եվ ի՞նչ, ինչպե՞ս հասնենք դրան:
Աշխարհի տարբեր մասերից ապացույցներ կան, որ մահաբեր հակամարտությունների կանխման, խաղաղություն կերտելու ու պաշտպանելու հավանականությունն ավելի մեծ է, երբ որպես հավասար գործընկեր ներառված են կանայք:
Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք օժանդակել կանանց աշխարհի տարբեր մասերում, որտեղ կան կամ եղել են հակամարտություններ:
Աֆղանստանում մենք հանդես ենք գալիս կանանց ներառման ու պետական կառավարման բոլոր օղակներում նրանց ընտրության դիրքերից: Աֆղանստանցի կանայք այսօր առաջ են ընթանում այնպիսի ճանապարհներով, որ 10 տարի առաջ պատկերացնել անգամ անհնար էր: Նրանք ընկերություններ են հիմնում: Նրանք ծառայում են որպես օրենսդիր կառույցի ներկայացուցիչներ: Նրանք դասավանդում են դպրոցներում, աշխատում են որպես բժիշկ եւ բուժքույր: Նրանք այն հիմքն են, որի վրա կառուցվում է Աֆղանստանի ապագան:
Մինչ Բուրմայի ազգաբնակչությունը փորձում է լուծել տասնյակ տարիներ երկիրը պաշարած հակամարտությունը, Միացյալ Նահանգներն օժանդակում է կանանց նշանակալի ներգրավմանը խաղաղության գործընթացում եւ խաղաղությանն ուղղված միջհամայնքային նախաձեռնություններում:
Գիտենք, որ ապահովված լինելը խաղաղություն ձեւավորելու գործընթացում կանանց մասնակցության համար էական է, ուստի մենք ջանում ենք այնպես անել, որ մեր աշխատած բոլոր վայրերում մարդասիրական աջակցությունն ու օգնությունը հավասարապես հասանելի լինեն կանանց համար:
Միացյալ Նահանգները նաեւ սեփական օրինակով է առաջնորդում: Քույրս երկար տարիներ աշխատել է Միավորված ազգերի կազմակերպությունում՝ հետեւելով պետքարտուղարությունից սկիզբ առած իմ հոր քայլերին շատ ավելի վաղ, քան ես: Նա առաջամարտիկ է: Եվ նա միայնակ չէ: Բոլորովին էլ պատահական չէ, որ մեր լավագույն դիվանագետները, խաղաղության բանագնացները կանայք են՝ սկսած Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզեն Ռայսից մինչեւ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամաթա Փաուեր, պետքարտուղարի առաջին տեղակալ Հեթեր Հիգգինբոթոմ, Քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերման: Այսօր առանձին տարածաշրջանների գծով պետքարտուղարի բոլոր փոխտեղակալները, բացառությամբ մեկի, կանայք են»:




























