Զարգացման եվրասիական բանկը 100 մլն դոլար արժողությամբ ծրագիր է պատրաստում Հյուսիս-Հարավ տրանսհայկական մայրուղու հատվածներից մեկի շինարարության համար: Ինչպես հաղորդում է բանկի պաշտոնական կայքը, այդ մասին հայտարարել են Հայաստանի կառավարության ներկայացուցիչները Զարգացման եվրասիական բանկում մարտի 6-ին: Նախագիծը պատրաստվել է Զարգացման ասիական բանկի հետ համատեղ, որն էլ նախագծի հիմնական հովանավորն է:

Եվրասիական տնտեսական միության Հակաճգնաժամային հիմնադրամի խորհուրդը վերջնական որոշում կարող է կայացնել 2014թ.-ի հունիսին: Հայեցակարգը խորհուրդը հաստատել է 2013թ.-ի հունիսին: Դա թույլ է տվել անցնել ծրագրի տնտեսական գնահատման:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են մայրուղու ծրագրով նախատեսվող հատվածները: Ամենայն հավանականությամբ հատվածն ընդգրկելու է Մեղրիից մինչեւ Կապան:

Կողմերը համաձայնել են, որ մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում ԶԵԲ-ը, ԶԱԲ-ը եւ Հայաստանի տրանսպորտի նախարարությունը հանրապետությունում համատեղ առաքելություն կիրականացնեն:

Հյուսիս-Հարավ մայրուղու ընդհանուր արժեքը կկազմի 967 մլն դոլար, որից 500 մլն-ը կտրամադրի  Զարգացման ասիական բանկը: Միջոցների տրամադրումը պետք է ավարտվի 2017թ.-ին: Մայրուղին պետք է անցնի իրանական սահմանից մինչեւ վրացական սահման (Մեղրի-Բավրա): Ասֆալտե  ծածկույթը կփոխարինեն բետոնով, երկու գծերով հատվածները կփոխարինվեն 4 գծերով:

Ռուսաստանում եւ Ղազախստանում Զարգացման եվրասիական բանկը հաստատվել է 2006թ.-ին: Այն վերահսկում է Եվրասիական տնտեսական միության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցները: Սահմանված կապիտալը կազմում է 1.5 մլրդ դոլար: Բանկի մասնակից պետություններն են Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը: