Հայաստանն ու Ուկրաինան չափահաս են, եւ նրանց պետք չէ պարտադրել ընտրություն կատարել: Այս մասին, «Ալ Ջազիրա»-ի կայքում հրապարակված իր հոդվածում գրել է Հայաստանի ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը, հաղորդում է «ՍիվիլՆեթ»-ը:
Հոդվածը վերնագրված է «Նախկին խորհրդային հանրապետություններ. վախ, մտահոգություն, վրդովմունք. ԽՍՀՄ փլուզումից 23 տարի անց Ռուսաստանն ու Արեւմուտքը դեռեւս վիճում են միջազգային նոր կարգի համար», որից մի հատված ներկայացնում ենք ստորեւ.
«Նախագահ Վիկտոր Յանուկովիչի հեռացումից ի վեր Ուկրաինայում եւ Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններն այստեղ՝ Հայաստանում, վախի, անհանգստության եւ հախուռն նոր վրդովմունքի տրամադրություններ են ծնում։ Անկասկած, նույն տրամադրությունները կան հետխորհրդային հանրապետությունների մեծ մասում, հատկապես այն երկրներում, որոնք Եվրոպական Միության Ասոցացման համաձայնագրի նախկին կամ ներկա թեկնածուներ էին։
Վախը գալիս է այն մտքից, որ սա կարող էր պատահել մեզանից յուրաքանչյուրի հետ: Մտահոգությունը բխում է Արեւմուտքի՝ Ռուսաստանին մեկուսացնելու մտադրությունների հրապարակային հայտարարություններից, իսկ վրդովմունքը՝ այն փաստից, որ ԽՍՀՄ փլուզումից 23 տարի անց Ռուսաստանն ու Արեւմուտքը դեռ վիճում են միջազգային նոր կարգի եւ մեր շուրջ։
Ռուսական հարկադրա՞նք
Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ այս փակուղին նման է երեխաների խնամակալությունը ստանձնելու շուրջ ամուսնալուծության վեճի, երբ երեխաներին ստիպում են ընտրություն կատարել։ Սակայն Հայաստանն ու Ուկրաինան չափահաս են, եւ նրանց պետք չէ պարտադրել ընտրություն կատարել։
Եվրոպական Միության հետ Ասոցացման ճանապարհի սկզբում թվում էր՝ գիտենք, թե ինչ ենք ուզում եւ ուր ենք գնում։ Սակայն այժմ, տարբեր ձեւերով, մենք հայտնվել ենք բոլորովին այլ տեղում։ Յանուկովիչը, հաշվարկելով Ուկրաինայի օգուտները եւ վնասները, նախ որոշեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, բայց հետո, երբ փոխվեցին օգուտի ու վնասի հաշվարկները, առկախեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումը։
Քանի որ եվրոպամետները նրան դուրս մղեցին, եւ Ռուսաստանը գործողությունների դիմեց, բոլոր ենթադրությունները, կասկածներն ու գուշակությունները, որոնք խոսում էին Ռուսաստանի կողմից ճնշումների ու հարկադրանքի մասին, ի դերեւ ելան։ Իսկապես, առեւտրային արգելքները, Ուկրաինայի համար գազի սակագնի զեղչից հրաժարումը եւ, ամենակարեւորը, Ղրիմի անջատումը Ուկրաինայից այն խաղաքարտերն էին, որոնք Ռուսաստանը բացահայտ դրեց սեղանի վրա՝ Ուկրաինային իր գիրկը բերելու համար:
Մենք գիտենք։ Հայաստանի դեպքն առանձնապես տարբեր չէր դրանից։ Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը վերահաստատում է Հայաստանի՝ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը միանալու ընտրության անխուսափելիությունը եւ տարբեր այն գործոնները, որոնք նժարը թեքում էին Հայաստանի՝ դեպի հյուսիս գնալու որոշման կողմ՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարումով։ Ինչպես Ուկրաինայի դեպքում, Հայաստանում եւս կային գազի սակագնի եւ առեւտրային հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ապագայի խնդիրը։ Թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Ղրիմը տարբեր ժամանակներում տարբեր առաջնորդների օրոք մի հանրապետության կազմից հանվել եւ մտցվել են մեկ այլ հանրապետության կազմ՝ էթնիկապես տարբեր եւ պատմականորեն հակադիր:
Գրեթե չկար խորհրդային որեւէ հանրապետություն, որի ներսում չլիներ պայթյունավտանգ ռումբը՝ ի դեմս որեւէ ինքնավար շրջանի կամ հանրապետության։ Խորհրդային սահմանադրության համաձայն՝ եթե որեւէ հանրապետություն ԽՍՀՄ-ից անջատվելու որոշում կայացներ, ապա այդ հանրապետության ինքավար միավորները կարող էին առանձին հանրաքվե անցկացնել որոշելու իրենց սեփական ճակատագիրը։ Այսպիսով, Կրեմլի կողմից միտումնավոր ստեղծված աշխարհագրական ու էթնիկական խճանկարը նախատեսված էր որպես տարաձայնություններից ու անջատողականությունից ապահովագրության միջոց։
Էթնիկական բորբոք հակամարտություններ
Հետխորհրդային տարածքն ակնհայտորեն մնում է Ռուսաստանի ազդեցության ծիրում:
Ղրիմի վերջին զարգացումները հարվածի երկրորդ ալիքը բարձրացրին ամբողջ աշխարհում, հատկապես հետխորհրդային այն հանրապետություններում, որոնք ունեն էթնիկական հրաբորբոք հակամարտություններ։ Առաջին ցնցումը 2008-ին էր, երբ տեղի ունեցավ վրաց-ռուսական պատերազմը Հարավային Օսիայի սադրանքների շուրջ, որը հանգեցրեց Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը։
Պուտինը 2000 թվականի մայիսի իր նախագահական երդմնակալությանը հստակ վերահաստատեց Ռուսաստանի կայսերական ավանդույթը։
«Մենք պետք է իմանանք մեր պատմությունը այնպես, ինչպիսին որ այն կա, դասեր քաղենք դրանից եւ միշտ հիշենք նրանց, ովքեր ստեղծեցին ռուսական պետությունը, եղան դրա արժանապատվության պաշտպանները եւ այն դարձրին մեծ, հզոր եւ զորավոր պետություն»,- ասաց նա։ Իսկապես, որեւէ այլ կայսրություն չի կարողացել ինքնավերածնվել։ Ռուսներն իրենց պատմության ընթացքում դա արել են չորս անգամ։
Եթե մենք ուզում ենք հասկանալ Ռուսաստանի վարքագիծը եւ մտադրությունները, մենք պետք է գիտակցենք Ռուսաստանի ընկալումը իր հիմնական թույլ կողմի՝ սեփական սահմանների, հատկապես հյուսիսարեւմտյան սահմանների թուլության մասին։ Ռուսաստանը մշտապես համարել է, որ որքան հեռու լինեն իր սահմանները դեպի արեւմուտք, Եվրոպա, այնքան երկար ճանապարհ հարկավոր կլինի նվաճողներին Մոսկվա հասնելու համար: Հետեւաբար, Ռուսաստանը միշտ ձգտել է ընդլայնվել դեպի արեւմուտք։ Իսկ Եվրոպան միշտ ձգտում է ընդլայնվել դեպի Արեւելք: Այսպիսով, հաշվի առնելով իր պատմական փորձը՝ Ռուսաստանը ստիպված է հատուկ մտահոգություն ունենալ իր լայնատարած սահմանների երկայնքով անվտանգության վերաբերյալ, իսկ Արեւմուտքը պետք է ուշադիր լիներ։
Ռուսաստանի հետ իր քաղաքականությունը մշակելիս Արեւմուտքը պետք է ընդունի երկու նկատառում: Առաջին՝ ոչ միայն տեսնի, որ Ռուսաստանը ձայն ունի նոր ձեւավորվող միջազգային համակարգում, այլեւ ուշադրություն դարձնի այդ ձայնին։ Երկրորդ, Ռուսաստանը գործնականում պետք է հնարավորություն ունենա մասնակցելու միջազգային որոշումների կայացմանը, հատկապես այն որոշումների, որոնք առնչվում են նրա անվտանգությանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




























