Արդեն երկու օր է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի արտգործնախարարություն, որպեսզի վերջիններս հաստատեն, որ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժեր չեն տեղաբաշխված: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:
«Սակայն, ցավոք սրտի, մինչեւ այս պահը մենք պաշտոնապես, դիվանագիտական մեր ուղիներով, որեւէ հաստատում չենք ստացել: Այո, այսօր որոշ ռուս քաղաքական գործիչներ խոսում են այն մասին, որ Ուկրաինայի տարածքում ռուսական զորքեր չկան, սակայն մեր պաշտպանության նախարարության, սահմանապահների, ինչպես նաեւ այլ իրավասու մարմինների ներկայացուցիչները հաստատում են, որ Ղրիմի տարածքում ռուսաստանյան զինված ուժեր կան, ինչը հանդիսանում է բազմաթիվ պայմանագրերի խախտում, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան Սեւծովյան նավատորմի տեղակայման վերաբերյալ»,- նշել է դեսպանը:
Հարցին, թե ի՞նչը դրդեց Ռուսաստանին ներխուժել Ուկրաինայի տարածք, իմանալով հանդերձ, որ դա շատ թանկ կնստի, դեսպանը պատասխանել է. «Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, քանի որ ես ներկայացնում եմ Ուկրաինան եւ չգիտեմ, թե ինչ դրդապատճառներ ունի ռուսական կողմը»:
Խոսելով Ղրիմի մասին՝ դեսպանն ընդգծել է. «Ռուսաստանի Դաշնությունն այսօր հայտարարում է այն մասին, որ Ուկրաինայում, հատկապես Ղրիմում, ռուսալեզու բնակչության իրավունքների խախտման փաստեր կան, եւ որ ազգաբնակչության ռուսալեզու շերտը ներկայացված չէ նոր կառավարության կազմում: Ես կտրականապես դեմ եմ այդ պնդումներին: Առաջին հերթին այն պատճառով, որ ես շատ եմ աշխատել Ղրիմում՝ 15 տարի, մինչեւ դիվանագիտական աշխատանքի անցնելը, ես շատ լավ գիտեմ այդ տարածաշրջանը: Ավելին ասեմ՝ իմ կինը ծնունդով Ղրիմից է, իսկ ես Ուկրաինայի արեւմուտքից եմ: Սակայն մենք ընտանիքը չենք բաժանում ռուսերեն եւ ուկրաիներեն խոսողների: Եվ ես, ունենալով Ղրիմում բազմաթիվ ընկերներ, դեռ երբեւէ չեմ լսել, որ ռուսախոսների իրավունքները խախտվեին: Դրանք մտացածին փաստեր են»:
Կուխտայի խոսքով. ողջ Ղրիմը խոսում է ռուսերեն լեզվով, Ուկրաինայի ողջ արեւելքը խոսում է ռուսերեն, Կիեւում շատերը խոսում են ռուսերեն, եւ դրանում ոչ մի խնդիր չկա: «Այսօր աճող սերունդը ոչ միայն ռուսերեն է խոսում, այլ նաեւ ուկրաիներեն, անգլերեն, ֆրանսերեն, եւ այլն, եւ այլն: Որքան շատ լեզու գիտի մարդը, այնքան դա նրան բնութագրում է որպես մտավորականի, որպես մարդու, ով գնահատում է այլ լեզուներ եւ մշակույթներ: Այնպես որ, այդ պնդումը, թե ռուսալեզու բնակչության իրավունքները խախտվում են, պարզապես օդից է վերցված: Ես դրան չեմ հավատում»,- ասել է նա:
Դեսպանը նաեւ նշել է, թե Ղրիմում նախատեսված հանրաքվեն իրավական ուժ ունենալ չի կարող, իսկ հանրաքվեի մասին որոշումը խախտում է Ուկրաինայի իրավունքները: «Այդ մասին այսօր խոսում են նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Ասում են, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը օրինական եւ լեգիտիմ չի կարող լինել, քանի որ նման հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ»,- նշել է դեսպանը եւ հավելել. «Հակամարտությունը աճում է, եւ դրանում առաջին հերթին դեր է խաղում Ղրիմի խորհրդարանը, որը անընդհատ ցանկալին ներկայացնում է որպես իրականություն: Նորից եմ կրկնւմ` հանրաքվե անցկացնելու համար, որպեսզի այն ունենա իրավական ուժ, համապատասխանի միջազգային չափանիշներին եւ Ուկրաինայի Սահմանադրությանը, անհրաժեշտ է Ուկրաինայի խորհրդարանի որոշումը: Այդ պատճառով, ես նորից եմ կրկնում` միջազգային կազմակերպությունների, բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ այսօր հայտարարում են, որ Ղրիմում անցկացվելիք հանրաքվեն իրավական ուժ չի ունենա»:
Առավել մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում



























