NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Քարնեգիի եվրոպական կենտրոնի ավագ գիտաշխատող, «Strategic Europe» ամսագրի գլխավոր խմբագիր Ջուդի Դեմփսիի հոդվածը, որը հրապարակվել է կենտրոնի կայքում:

«Ռուսաստանի ներխուժումը Ղրիմ կրկին տարաձայնություններ է առաջ բերել Եվրոպայում, 2003-ին ԱՄՆ-ի կողմից Իրաքի դեմ պատերազմ սկսելուց հետո: ԱՄՆ այդ որոշումն այնպիսի խորը անդունդ էր առաջացրել ՆԱՏՕ-ի ներսում, որ այն ժամանակ մտավախություններ կային, որ Դաշինքը կփլուզվի: Դա ձեռնտու էր Ռուսաստանին, որը միշտ ծաղկել է թույլ ու պառակտված Եվրոպայի եւ նրանց՝ ամերիկացիների հետ տարաձայնություններ ունենալու դեպքում: Այդ հակասությունները թույլ են տվել Կրեմլին իրար դեմ հանել եվրոպական երկրները:

Ներկայումս Ղրիմ ներխուժելու եւ այն Ռուսաստանին միացնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը եւս մեկ հնարավորություն է տվել  թուլացնել Արեւմուտքին: Ավելին, Ղրիմի գրավումը հեռուն գնացող հետեւանքներ է ունենալու համաշխարհային կարգուկանոնի համար:

Լեհաստանի, Բալթյան երկրների եւ Չեխիայի համար Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն ավելի անմիջական նշանակություն ունեն, քան Իսպանիայի, Պորտուգալիայի կամ Իտալիայի համար: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը եւ ԱԳ նախարար Ռադեկ Սիկորսկին փորձում էին իրենց արեւմտաեվրոպական գործընկերների գիտակցությանը հասցնել, թե ինչ է դրված քարտեզի վրա: Եթե Ռուսաստանը կարողանա ներխուժել Ղրիմ առանց ԵՄ-ի ուժեղ հակազդեցության, արեւմտյան ազատական կարգուկանոնը կարող է խախտվել: Դա կարող է թույլ տալ Պուտինին խառնվել Եվրոպայի այլ երկրների գործերին:

Լեհերի նախազգուշացումը սառը պատերազմի մարտիկների ձայնը չէ: Վերջին մի քանի տարիներին Վարշավան իր ողջ ուժերով փորձել է բարելավել իր հարաբերությունները Մոսկվայի հետ: Տուսկի կառավարությունը իր առջեւ այդ խնդիրն է դրել, քանի որ իսկապես ցանկանում էր Ռուսաստանի հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, որոնք անցյալով թունավորված չեն լինի:

Սակայն Ռուսաստանի Ղրիմ ներխուժումը ի հայտ է բերել Մոսկվայի նախկին կանխատեսելի բնույթը: Պուտինը պատրաստ չէր ընդունել այն կարգը, որը հաստատվել էր 1989-ին Բեռլինի պատի փլուզումից հետո: Միաժամանակ, նա չէր պատրաստվում հաշտվել ԽՍՀՄ փլուզման հետ, որից երկու տարի անց քարտեզի վրա հայտնվեցին անկախ  պետություններ, այդ թվում անկախ Ուկրաինան:

Եթե Պուտինն ընդուներ այդ կարգը, նա որպես ազնիվ միջնորդ ջանքեր կգործադրեր Մերձդնեստրում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան սառեցված հակամարտությունում: Սակայն ՌԴ-ի ներխուժումը Վրաստան, իսկ հիմա էլ Ուկրաինա, ենթադրում է, որ Մոսկվան վճռական էր պոկել այդ երկրները ժողովրդավարական ուղուց՝ դրանք ավելի քիչ գրավիչ գործընկեր դարձնելով ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի համար:

Հին Եվրոպան արդեն կոտրում է ձեռքերը՝ Պուտինի Ղրիմ ներխուժելու առթիվ: Արեւմտյան ԵՎրոպայի երկրների առաջնորդները հայտարարել են, որ դա վատագույն ճգնաժամն է սառը պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում: Այդուհանդերձ, հենց նոր, այլ ոչ հին Եվրոպան է առավել պատրաստ պաշտպանել արժեքների եւ տարածքային ամբողջականության հիմնարար էկզիստենցիալ սկզբունքները:

Ղրիմի խորհրդարանի մարտի 6-ի որոշումը, որ թերակղզին պետք է դառնա Ռուսաստանի մի մասը, ցույց է տալիս այն արագությունը, որով Կրեմլը ամրապնդվում է Ուկրաինայի այդ հատվածում:

Եվրոպացիները չունեն քաղաքական կամք, որ կանխեն դա: Նոր Եվրոպայի առաջնորդները մի քանի տարբերակ ունեն: Նրանք տեսնում են, որ հին Եվրոպան չի ցանկանում մտածել ու գործել ռազմավարական առումով: Հիմա նրանց համար պահեստային տարբերակը մնում է ՆԱՏՕ-ն, որը կարող է նոր հետաֆղանական առիթ գտնել, որ կրկին կենտրոնանա Եվրոպայի վրա: Այդ դեպքում՝ Պուտինը կարող է ակամա ՆԱՏՕ-ի համար «կյանքի նոր գիծ» մատուցել: