2010 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել է 2.9% գնաճ: Ընդ որում, պարենային ապրանքների գներն աճել են 4.3%-ով, ոչ պարենային ապրանքների գները` 1.1%-ով, իսկ ծառայությունների սակագները` 1.3%-ով: Գնաճը հիմնականում պայմանավորվել է մսամթերքի գնի 9.2%, բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գնի 22.9% և բուժսպասարկման ծառայությունների սակագների 2.9% աճերով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ հասարակայնության հետ կապերի վարչությունից, եռամսյակի ընթացքում գնաճի վերոնշյալ վարքագիծը պայմանավորող հիմնական գործոններ են հանդիսացել համաշխարհային տնտեսության դրական զարգացումների պայմաններում միջազգային շուկաներում պարենային և ոչ պարենային ապրանքների բարձր գների պահպանումը, ԿԲ-ի և Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ընդլայնողական ազդեցությունների փոխանցումը նաև առաջին եռամսյակ և, հիմնականում բացասական սպասումներով պայմանավորված, եռամսյակի ընթացքում պարբերաբար նկատվող դրամի արժեզրկման դրսևորումները:

Նկատենք, սակայն, որ ԿԲ-ն վերջին ամիսներին վարում է գնաճը զսպող քաղաքականություն: Մասնավորապես՝ կրճատել է դրամական զանգվածը, բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: