«Ղ-Տելեկոմ» (ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշ), «ԱրմենՏել» եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունները խիստ նախազգուշացվել են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովը ուսումնասիրել է USB-մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունները: Պարզվել է, որ նշված ընկերությունները բաժանորդներից գանձում են վճարներ նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք ինտերնետից փաստացի չեն օգտվում:

ՏՄՊՊՀ դիտարկմամբ` ընկերությունները խախտում են օրենսդրության «Չկա ծառայություն` չկա վճար» սկզբունքը: Իսկ մոդեմը ձեռք բերելիս՝ բաժանորդները չեն տեղեկացվում, որ պարտավոր են վճարել կապի համար նույնիսկ այն ժամանակ, երբառժամանակ դադարում են դրանից օգտվել:

ՏՄՊՊՀ-ը բացահայտել է նաեւ, որ որոշակի բարդություններ են առաջանում նաեւ այն դեպքում, երբ բաժանորդները դիմում են պայմանագիրը լուծարելու համար: Այս գործընթացը հաճախ ընկերությունների կողմից արհեստականորեն երկարացվում է:  Արդյունքում  վերջինները ստանում են եկամուտներ այն դեպքում, երբ  իրենց կողմից որեւէ  ծառայություն չի մատուցվել:

Բաժանորդը պետք է վճարի միայն փաստացի օգտագործած ծառայության համար, ինչը օրենքի պահանջ է: ՏՄՊՊՀ որոշմամբ «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունները ստացան խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով: