ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) ուսումնասիրություն է իրականացրել մի շարք շուկաներում` հաշվի առնելով այդ շուկաների սոցիալական նշանակությունը, կառուցվածքային փոփոխությունները եւ մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը:

Ըստ այդմ, բուսական յուղի շուկայի կառուցվածքի ուսումնասիրության համար Հանձնաժողովը տեղեկատվություն է ստացել 44 տնտեսվարողներից: 2009 թ. հանրապետությունում իրացվել է 20 768 164 լիտր արեւածաղկի եւ եգիպտացորենի բուսական յուղ (ձեթ): Իրացման առավել մեծ ծավալներ ունի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը` 37,5 տոկոս բաժնով: Հետեւաբար, զբաղեցնելով տվյալ շուկայի մեկ երրորդից ավելին, գրանցվել է գերիշխողների գրանցամատյանում: Առավել մեծ ծավալներ ունեցող մյուս 2 ընկերություններն են «Դոստ Ինտերնեյշնլը»` 16,1 տոկոս եւ «ՎԱՍ Գրուպը»` 10,2 տոկոս մասնաբաժիններով:

«Ձիթապտղի բուսական յուղ (ձեթ)» ապրանքային շուկայի ծավալը կազմել է 72 003 լիտր, որտեղ իրացման ամենամեծ ծավալներն ունեցել է «Վեգեքոմ» ընկերությունը` 66 տոկոս բաժնով: Հետեւաբար, իրացման ծավալներով զբաղեցնելով տվյալ շուկայի մեկ երրորդից ավելին` «Վեգեքոմը» գրանցվել է գերիշխողների գրանցամատյանում: Շուկայի մյուս երկու խոշոր ընկերություններն են «Կարդինալ Ինթերնեյշնլը»` 13,1 տոկոս եւ «Հիքսոսը»` 8,9 տոկոս բաժիններով:

Բրնձի շուկայում գործող 27 տնտեսվարողների կողմից իրացման ծավալը կազմել է 9 816 836,3 կգ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն նույն «Ալեքս-Գրիգը»` 33,6 տոկոս, «Արմեն-Համիկ եղբայրները»` 15,1 տոկոս եւ «Ինվեստ Ինտորգը»` 14,1 տոկոս մասնաբաժիններով: Հանձնաժողովի 2008 թվականի որոշմամբ, «Կարի Թով» եւ «Մոկոնաթ» ընկերություններն, ունենալով գերիշխող դիրք, գրանցվել էին գերիշխողների գրանցամատյանում: Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, Հանձնաժողովի որոշմամբ «Կարի Թով» եւ «Մոկոնաթ» ընկերությունները գերիշխող դիրքը կորցրած են ճանաչվել եւ հանվել գրանցամատյանից: Հանձնաժողովի նույն որոշմամբ, «Ալեքս-Գրիգ» ընկերությունը գրանցվել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում (ռեեստրում):

Շաքարավազի շուկայում 2009-ին իրացվել է 71 624 821 կգ շաքարավազ, իրացման ամենամեծ ծավալն ունեցել է «Ալեքս-Գրիգ» ընկերությունը, որի բաժինն ընդհանուր իրացման ծավալում կազմել է 99,99 տոկոս: Համաձայն օրենքի, «Ալեքս-Գրիգ» ընկերությունը գրանցվել է գերիշխողների գրանցամատյանում: Հանձնաժողովի նախորդ` 2006 թ. ուսումնասիրությամբ, «Սալեքս Գրուփ» ընկերությունն էր շուկայի գերիշխողը, որը հանվել է գրանցամատյանից: