Հայաստանի պետեկամուտների կոմիտեն հերթական ապօրինությունն է բացահայտել:

ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս, «Ապավեն» մաքսային պահեստում, «Տահատ» ՍՊԸ-ի անունով ներմուծված բեռի նախնական զննության ժամանակ քաշի անհամապատասխանություն են արձանագրել. պարզվել է, որ անհրաժեշտ մաքսային վճարումներից խուսափելու նպատակով, ճանապարհին դատարկվել է ավտոմեքենայի բեռի մի մասը` առանց կապարակնիքը վնասելու: Մաքսավորները հայտնաբերել են, որ եթե Բավրայի մաքսակետում ավտոմեքենան կշռել է ավելի քան 35,5 տոննա, ապա պահեստում քաշը պակասել է մոտ 1,5 տոննայով:

Մաքսանենգության եւս երկու դեպք են հայտնաբերել ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան աշխատակիցները, ովքեր, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, մաքսային զննման են ենթարկել Մոսկվա-Երեւան չվերթերով ժամանած երկու քաղաքացու ուղեբեռ, որոնցում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցրած մոտ 17 կգ կոսմետիկական միջոցներ եւ դեղորայք:

Մաքսային հսկողության «Կանաչ» ուղին հատած ՀՀ քաղաքացի Գեւորգ Մուշեղյանի ուղեբեռի զննության ժամանակ մաքսավորները հայտնաբերել են չհայտարարագրված` «Mary Key» ֆիրմայի արտադրության մոտ 10 կգ կոսմետիկական միջոցներ:

Մոսկվա-Երեւան մեկ այլ չվերթով ժամանած ուղեւոր, ՌԴ քաղաքացի Հարություն Գյուլումյանը եւս փորձել էր հատել «Կանաչ» ուղին, սակայն նրա ուղեբեռի զննության ժամանակ մաքսատան աշխատակիցները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցրած 7 կգ 17 անվանում տարբեր տեսակի դեղորայք: Հ. Գյուլումյանի բացատրության համաձայն` դեղորայքը վերջինս բերել էր` իբրեւ հիվանդ հարազատներին փոխանցելու նպատակով:

Բոլոր երեք գործերով հարուցված նյութերով կատարվում է քննություն: