Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որում ասվում է. «Հաշվի առնելով, որ ներկայում Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված է հավաքների անցկացման իրավունքի վերաբերյալ 2 նախագիծ` տեղեկացնում եմ Ձեզ, որ իմ կողմից պատրաստվում է այդ ոլորտում երկրում առկա հիմնախնդիրների վերաբերյալ արտահերթ զեկույց, ինչպես նաև` Հավաքների մասին օրենքի նախագիծ: Նշված փաստաթղթերը Ձեզ կներկայացվեն 1 ամսվա ընթացքում»:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նշեց, որ իրենց գրասենյակի կողմից պատրաստվող տարաբնույթ զեկույցները մի տեսակ ժառանգություն են հանդիսանում, որոնցից հնարավոր է հետեւություններ անել վեց ամիս կամ նույնիսկ մեկ տարի անց:

«Մենք շեշտը դնում ենք այն իրավունքների եւ ազատությունների վրա, որոնք կարեւորագույն ենք համարում հատկապես քաղաքացիական եւ քաղաքական հարթություններում։ Զեկույցում ներառված կլինեն մեզ համար բոլոր կարեւոր խնդիրները՝ հավաքների եւ երթերի կազմակերպում, իրազեկում, ինքնաբուխ հավաքներին առնչվող հարցեր»,- նշեց Ա. Հարությունյանը՝ ավելացնելով, որ ՄԻՊ գրասենյակը հավաքների անցկացման իրավունքի մասին զեկույցով փորձ է անում վեր հանել խնդիրներ եւ դրանց համար լուծումներ առաջարկել։

Ամփոփելով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ զեկույցն ինքնանպատակ չէ եւ կուղարկվի նաեւ Վենետիկի հանձնաժողով։ «Մենք այն կառույցներից ենք, որ ոչ թե խուսափում ենք այդ հանձնաժողովից, այլ շահագրգիռ ենք նրա հետ համագործակցության մեջ»: